«Վիրահայերի համայնքը» ողջունում է Վրաստանի խորհրդարանում, մարտի 6-ին, պատգամավոր Ռուսլան Պողոսյանի հայտարարություն, որտեղ նա երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին կոռեկտության եւ զսպվածության կոչ է արել` նկատի ունենալով նրա վերջին շրջանի հայտարարությունները վիրահայերի եւ Ջավախքի վերաբերյալ:

«Վիրահայերի համայնքի» հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Սահմանադրության համաձայն, Վրաստանի պետական տարածքային կառուցվածքը պետք է որոշվի սահմանադրական օրենքներով` երկրի ողջ տարածքում Վրաստանի ամբողջական գերիշխանության վերականգնումից հետո լիազորությունների սահմանազատման հիմքով:

Համապատասխանաբար զարմանք է հարուցում, երբ երկրի նախագահը փորձում է քաղաքացիներին թյուրիմացության մեջ գցել եւ միմյանց դեմ տրամադրել երկրի տարբեր ազգությունների քաղաքացիներին:

Անընդունել է, երբ երկրի նախագահը, որոշակի ներքաղաքական կամ արտաքին քաղաքական նպատակների հասնելու համար, անտեսելով Սահմանադրության հիմնական դրույթները եւ հենվելով իրականությունից կտրված վերացական վախերի վրա, հայտարարություններ ու արտահայտություններ է անում, որոնք իրար դեմ են տրամադրում երկրի քաղաքացիներին, կեղծ կարծրատիպեր է սերմանում:

Արժե նաեւ նշել, որ 2003-2012 թվականներին երկրի կառավարությունը կտրականապես հերքում էր ազգային փոքրամասնությունների բազմաթիվ խնդիրների գոյությունը, սակայն հաճախ ինքն էր ստեղծում ու բարդացնում գոյություն ունեցող բարդություններն ու խնդիրները»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, «Վրացական երազանք» կուսակցության անդամ Ռուսլան Պողոսյանը` մեկնաբանելով Միխայիլ Սահակաշվիլիի խոսքերը, թե Ջավախքում հայկական ինքնավարության վտանգ կա, նշել էր, որ Սահակաշվիլին «իր անհաջող քաղաքականության վերջում փորձում է կռվեցնել հայ եւ վրացի ժողովուրդներին»:  

Պողոսյանը Սահակաշվիլիի խոսքերը սաբոտաժ է անվանել եւ հավաստիացրել, թե Ջավախքը եղել եւ մնում է Վրաստանի հնագույն անկյուններից մեկը: «Կոչ եմ անում Վրաստանի նախագահին իրար դեմ չհանել վրացիներին եւ հայերին: Երկրի նախագահն իրավունք չունի դա անելու: Նրա առաջնահերթ պարտականությունն է ոչ թե ատելություն եւ թշնամանք, այլ սեր եւ բարություն տարածելը»,- ասել էր Ռուսլան Պողոսյանը, հաղորդում է «Գրուզիա Օնլայնը»:

 

New layer...