Ներկայումս ոչ ոք չի ժխտի, որ գյուղի կոլեկտիվացման առողջ այլընտրանք գործնականորեն գոյություն չունի: Եվ ահա, պետությունը երկար տարիների անգործությունից հետո ձեռնամուխ եղավ այդ գաղափարի իրականացմանը: Այդ գործընթացի մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց «ԳԾԻԳ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը:
Ի՞նչ վիճակում են գյուղական համայնքներում կոոպերատիվների ներդրման եւ արոտավայրերի կառավարման համակարգերի ստեղծման աշխատանքները:
«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի «Համայնքների արոտավայրերի կառավարման եւ անասնապահության զարգացման» բաղադրիչով ՀՀ 6 մարզի` Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռիի, Շիրակի, Սյունիքի եւ Տավուշի 55 համայնքում ստեղծվել է «Համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվը:
Բոլոր համայնքների համար մշակվել են Համայնքի արոտավայրերի կառավարման եւ անասնապահության զարգացման պլաններ, համայքի արոտների հերթափոխային արածեցման համակարգի քարտեզ-սխեմաներ: 34 համայնքի «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներին տրամադրվել է 109 միավոր գյուղտեխնիկա, որից` 35 անվավոր տրակտոր, 74 միավոր գյուղգործիքներ: Այդ համայնքներում կառուցվել է ընդհանուր առմամբ 66.1 կմ ջրարբիացման համակարգ, տեղադրվել է 116 անասնախմոց ու վերականգնվել 37.7 կմ արոտավայր տանող ճանապարհ: Կառուցվել է 2000 մ2 փարախ եւ անցկացվել 1200 մ էլեկտրամատակարարման գիծ: Ընդամենը ջրարբիացվել է շուրջ 46000 հա արոտ: Մինչեւ 2015 թվականը նախատեսվում է հիմնադրել եւս 10 կոոպերատիվ:
Ի՞նչ է արված հեռագնա ու գյուղամերձ արոտների արդյունավետության բարձրացման ուղղությամբ առնձին-առանձին:
Հեռագնա ու գյուղամերձ արոտները մի ընդհանուր համակարգի մաս են կազմում ու փոխկապակցված են: Շահագործման ինտենսիվության տարբերություններն էլ հենց բերում են գյուղամերձ արոտների դեգրադացիայի ու հողերի էրոզիայի: Բարելավելով հեռագնա արոտների ենթակառուցվածքները` ճանապարհների նորոգում, ջրարբիացում , անասնախմոցների տեղադրում, մենք կարողանում ենք հավասերեցնել արոտների ծանրաբեռնվածությունը, արածեցման ինտենսիվությունը գյուղամերձ արոտներից տեղափոխելով հեռագնա արոտներ, որն իր հերթին պահպանում է դրանց բարձր արտադրողականությունը: Ծրագրի ընթացքում ջրարբիացվել է մոտ 46 000 հա հեռագնա արոտ: Սրանով մենք կարողացել ենք լուծել նաեւ բնապահպանական կարեւորագույն խնդիրներ` բուսականության բազմազանության պահպանում, հողերի դեգրադացիայի ու հետագայում դրանց էրոզիայի կանխում: Մինչ ծրագրի ավարտը նախատեսվում է ջրարբիացնել 80 000 հա արոտ:
Կա՞ն արդյոք դրական տեղաշարժեր համայնքներում, որոնք ուղղակիորեն կարելի է կապել կոոպերացիայի ներդրման հետ:
2012թ. ՄԱԿ-ի կողմից հայտարարված էր «Կոոպերատիվների տարի» ու գուցե խորհրդանշական է այն, որ մեր ծրագրի շրջանակներում շարունակվում էին համայնքներում կոոպերատիվների ներդրմանն ու դրանց կայացմանն ուղղված ինտենսիվ աշխատանքները: Կոոպերացիայի ներդրումն ունենում է մի շարք դրական հետեւանքներ: Նախ առաջանում եւ ամրապնդվում են կապերը ֆերմերների միջեւ, համատեղ որոշումներ ընդունելու եւ իրականացնելու շնորհիվ բարձրանում է պատասխանատվությունը համայնքային սեփականության նկատմամբ: Փոխվում է աշխատանքների կատարման տրամաբանությունը` ֆերմերները կամաց-կամաց ընդունում են, որ համատեղ աշխատանքն ավելի շահավետ է: Բացի այդ, բոլորն էլ տեսնում են, որ արոտավայրերի եւ այլ ենթակառւոցվածքների բարելավման, ինչպես նաեւ անասնակերի բազայի ստեղծման համար գյուղտեխնիկայի տրամադրման արդյունքում, այս կարճ ժամանակահատվածում արդեն ունենք անսնագլխաքանակի ավելացում` շուրջ 6000 գլուխ 55 համայնքում: Սպասվում է նաեւ կաթի արտադրողականության ու քանակի ավելացում:
Իսկ ի՞նչ դժվարություններ կամ խոչնդոտներ են առաջ գալիս կոոպերատիվների ստեղծման ու ներդման ժամանակ:
Համայնքներում, մինչեւ կոոպերատիվների ստեղծումն անց է կացվում 5-7 ժողով, հանդիպում եւ քննարկում: Այդ հավաքների ժամանակ փորձում ենք ֆերմերներին բացատրել կոոպերատիվի միջոցով համատեղ իրականացվող աշխատանքների առավելություններն ու շահավետությունը: Կազմակերպում ենք հարց ու պատասխան: Արդյունքում պարզվում է, որ նրանց գերակշիռ մեծամասնությունն ընդունում է համատեղ աշխատելու գաղափարը, սակայն գործնականում դժվարություններն առաջ են գալիս «մեկ կազմակերպության» մեջ միավերվելիս: Դրանք շատ տարբեր են` կախված կոնկրետ համայնքից, տեղական ավանդույթներից մինչեւ բնական իներցիան:
Հաճախ դժվարությունների պատճառ են հանդիսանում համայնքում տոհմերի եւ անհատների միջեւ առկա շահերի բախումները: Տարբեր չափի հողաբաժիններն ու անասնագլխաքանակը ենթադրում են տարբեր չափի եկամուտներ, որոնք, երբեմն նույնպես առաջ են բերում հակասություններ ֆերմերների միջեւ: Խոչընդոտ է նաեւ գյուղացու ավանդական թերահավատությունը: Իսկ հիմնական, խնդիրը, թերեւս, համատեղ աշխատելու փորձի բացակայությունն է:
Բարեբախտաբար պատկերն աստիճանաբար փոխվում է: Հարեւան գյուղերը տեսնելով կոոպերատիվի միջոցով իրականացվող աշխատանքների հաջողությունները, խոսելով կոոպերատիվի անդամ ֆերմերների հետ արդեն իրենք են դիմում մեզ, մարզպետարան, նախարարություն` ծրագրում ընդգրկվելու համար:




























