Այսօր իրականում տոն չէ, այլ պայքարի օր, հենց այդպես եմ ես ընկալում մարտի 8-ը: Այս մասին, այսօր` մարտի 8-ին, Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հանրահավաքի ժամանակ հայտարարեց նախկին պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Նրա խոսքով` հայ կանայք, որոնք բնակչության մեծամասնությունն են, չեն խաղում այն դերը, որը նրանց պետք է տրվի: «Սակայն հենց մենք` կանայքս չե՞նք մեղավոր դրանում: Ճիշտ չէ, թե տղամարդիկ մեզ թույլ չեն տալիս առաջ գնալ տարբեր ոլորտներում: Մենք ինքներս, հաճախ, վախենում ենք նախաձեռնող լինել, վախենում ենք հակադրվել: Օրինակ, կրթության ոլորտում կանայք 90 տոկոս են եւ չի լինում մեկ օր, որ յուրաքանչյուր ընտանիքում քննադատություն չհնչի կրթական համակարգում տիրող իրավիճակի վերաբերյալ»,-ընդգծեց Բախշյանը, ով իր ողջ կյանքն աշխատել է կրթության ոլորտում: Նա կոչ արեց կանանց ավելի անհանդուրժող լինել մարդու իրավունքների խախտումների եւ երկրում իշխող անարդարությունների նկատմամբ:
Հանրահավաքում ելույթ ունեցավ նաեւ փաստաբան Տիգրան Նահապետյանը հայտարարել է, որ շարժման վերածննդի ֆոնին քննադատություն է հնչում ընդդիմության գործողությունների վերաբերյալ: «Սակայն եթե դա իրական քննադատություն է, ապա դա մեզ ավելի կուժեղացնի, իսկ եթե չարախոսություն է, ապա այն ոչ մի հեռանկար չունի»,-ասաց նա:
ՀՅԴ-ն ներկայացնող Մարիա Թիթիզյանն էլ կոչ արեց համախմբվել արդարության համար պայքարում:




























