Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե երբ սիրիական ժողովուրդը հաղթի պատերազմը, Էրդողանը եւ Քաթարի էմիրը պարտվելու են:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահի հետ հանդիպած ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավորներից Այթուղ Աթըջըն, ներկայացնելով հանդիպման մանրամասներնը՝ նշել է, որ Ասադն իր խոսքում շեշտել է, որ Սիրիայի եւ Թուրքիայի ժողովուրդների միջեւ խնդիրներ չկան, սակայն Էրդողանի հետ խնդիրներ կան։
Թուրք պատգամավորը ներկայացրել է Ասադի խոսքերը. «Սիրիայում ահաբեկչությունն աճում է եւ դրանում մեծ է Թուրքիայի դերը։ Այս պահի դրությամբ Սիրիայում 23 ազգության ներկայացուցիչ ահաբեկիչ կա։ Մեր երկիր ամենաշատ ահաբեկիչները գալիս են Լիբիայից եւ Եմենից։ Նրանց Թուրքիայում պատաստում եւ ուղարկում են Սիրիա։
Եթե Սիրիայի ժողովուրդն այս պատերազմը հաղթի, 2 հոգի պարտվելու են՝ Էրդողանը եւ Քաթարի էմիրը, քանի որ նրանք պատերազմի միջոցով իրենց բարեկեցությունն են կառուցում։ Եթե Սիրիայի ժողովուրդը հաղթի, Էրդողանի նախագահական երազանքներն էլ, նրա խարիզման էլ հօդս են ցնդելու։
Իրադարձությունների սկզբում զինված պայքարի դուրս եկած ընդդիմադիրներն այս պահին սկսել են դեպի մեզ վերադառնալ։ Մենք էլ Սահմանադրության մեջ ենք փոփոխություն կատարել։ Փոխել ենք քաղաքական կուսակցությունների եւ լրատվամիջոցների մասին օրենքները։ Իսկ Թուրքիան էլ այս պահին Էրդողանի կառավարության հետ միասին այլեւս աշխարհիկ երկիր չէ»։




























