Երկու օր է, ինչ «Ժառանգություն» կուսակցությունը ՀԱԿ-ի հետ գտնվում է կոնսուլտացիաների մեջ` քաղաքական համագործակցության տարբեր ձեւաչափերի օրակարգով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:
«Իսկ կոնկրետ երեկվա եռակողմ հանդիպման նախաձեռնողը մենք չենք եղել»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը` հավելելով, որ դրա համար չի կարող պատասխանել, թե ՀԱԿ-ն ինչու չի մասնակցել այդ հանդիպմանը: Հարցին, թե այդ ուժերից որեւէ մեկը դե՞մ է, որ ՀԱԿ-ը մասնակցի հանդիպումներին, «Ժառանգության» ներկայացուցիչն արձագանքեց. «Ես կարող եմ մեր մասով պատասխանել: Մենք որեւէ խնդիր չենք տեսնում եւ դեմ չենք»: Միաժամանակ նա ավելացրեց, որ կա ընդամենը մեկ ուժ, որի մասնակցությանն իրենք դեմ են եւ դա ՀՀԿ-ն է:
Խուրշուդյանի խոսքով` Երեւանի ավագանու ընտրություններում իրենց համամասնական ցուցակի հերթականությունը չեն որոշել եւ դեռ չի կարող ասել, թե որքանով է իրատեսական միասնական ցուցակով հանդես գալը:
«Կոնսուլտացիաները շարունակվում են: Այսօրվա հանդիպումից հետո պարզ կլինի, թե որքան կշարունակվեն այս քննարկումները»,-ընդգծեց նա:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























