Սահմանադրական դատարանում շարունակվում է նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումների քննությունը: NEWS.am-ի թղթակիցը ՍԴ-ից հաղորդում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի շահերը ՍԴ-ում ներկայացնում է փաստաբան Կարեն Մեժլումյանը եւ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Իսկ Անդրիաս Ղուկասյանն ինքը կներկայացնի իր հայցադիմումը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից որպես պատասխանող կողմ ներգրավված է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, քարտուղար Արմեն Սմբատյանը, եւ իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը:
Գործող նախագահի շահերը ՍԴ-ում ներկայացնում է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը եւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Այս պահին Կարեն Մեժլումյանը ներկայացնում է Րաֆֆի Հովհաննիսյանի հայցադիմումը:
Մինչ ընթանում է նախագահի նախկին թեկնածուների դիմումների քննությունը, ՍԴ շենքի դիմաց բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել, որոնք «30 արծաթ, թե հայրենիք» գրությամբ պաստառներով բողոքի ակցիա են անցկացնում:
Ոստիկանության աշխատակիցները բողոքի ակցիայի մասնակիցներին թույլ չտվեցին մոտենալ ՍԴ շենքին, հարկադրելով մի փոքր ներքեւ կանգնել, որպեսզի չխոչընդոտեն ՍԴ աշխատանքը:
Նշենք, որ Հայաստանի նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Անդրիաս Ղուկասյանը 2013թ. մարտի 4-ին դիմել են ՀՀ սահմանադրական դատարան` ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի եւ 101-րդ հոդվածի 9-րդ կետի հիմքերով իրավունք ունենալով վիճարկել «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.02.2013թ. թիվ 62-Ա որոշումը: ՍԴ-ն որոշում պետք է կայացնի դիմումը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում, այսինքն` վերջնաժամկետը հինգշաբթի օրն է:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























