Երեւանի քաղաքապետարանում եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում հունվար-մարտ ամիսների ընթացքում սահմանված ժամանակացույցի համաձայն քաղաքացիների ընդունելությանը մասնակցել է համապատասխանաբար 318 եւ 900 բնակիչ: Բարձրացված հարցերի հիմնական մասին տրվել են դրական լուծումներ: Այս մասին նշվել է քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ:

Չթույլատրված վայրերում, այդ թվում մայթեզրի հատվածերում եւ կամարանցումներում  ավտոմեքենաների կայանման, ինչպես նաեւ չնախատեսված վայրերում մեքենաների վաճառքի կազմակերպման հետ կապված` քաղաքապետը հանձնարարել է ուժեղացված հսկողություն իրականացնել:

«Մայրաքաղաքում կարգուկանոնի ապահովումն առաջին հերթին մեր պարտավորությունն է եւ պատասխանատվությունը:  Համապատասխան ծառայությունների հետ համատեղ պետք է առավել խիստ ու հետեւողական լինել եւ օրենքով տրված լիազորությունների շրջանակում անել ավելին, որպեսզի ապահովենք մեր քաղաքացիների հարմարավետությունը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով շինհրապարակներից դուրս եկող մեքենաների անվադողերի լվացման եւ բետոնախառնիչ ու հարակից մարզերից Երեւան մտնող մեքենաների կողմից փողոցների աղտոտումը կանխելու ուղղությամբ տարվող աշխատանքներին` քաղաքապետը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունն ու ապահովել նաեւ  շինհրապարակների հարակից տարածքների մաքրությունն ու պատշաճ վիճակը: 

Մայրաքաղաքում շարունակվող փոսալցման աշխատանքների հետ կապված` հանձնարարվել է գույքագրում կատարել եւ անհրաժեշտություն դեպքում սեղմ ժամկետում իրականացնել համապատասխան աշխատանքներ:

Շինարարության եւ բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի տարածքում գտնվող շատրվանների վերագործարկման նպատակով տարվել են նախապատրաստական աշխատանքներ, եւ եղանակային պայմանների թույլ տալու դեպքում դրանք պատրաստ կլինեն շահագործման: