Հայաստանը հարեւան Վրաստան այցելողների թվով նախկինի պես երրորդ տեղում է: Առաջինում Թուրքիան է, երկրորդում՝ Ադրբեջանը:

Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկատվա-վերլուծական բաժնի տվյալների` 2013թ.  հունվար-փետրվար ամիսներին Հայաստանից Վրաստան է այցելել 101,3 հազար մարդ: Այցելուների մեծ մասը` 231,5 հազար մարդ, ժամանել են Թուրքիայից: Երկրորդ տեղում են Ադրբեջանի քաղաքացիները` 128,3 հազար: Հայաստանին հետեւում են Ռուսաստանի (54,4 հազար), ԵՄ-ի (14,4 հազար), Ուկրաինայի  (6,2 հազար), Իրանի (6 ,2 հազար) եւ այլ երկրների քաղաքացիները (135,6 հազար):

2013թ. հունվար-փետրվար ամիսների ընթացքում Վրաստանի պետական սահմանը հատել են 565 հազար 612 այցելուներ:  206,4 հազարը զբոսաշրջիկներ են, 70,2 հազարը` տարանցիկ ճանապարհորդողներ, իսկ 288,9 հազարը` այլ կարգի այցելուներ, հայտնում է  «Նովոստի Գռուզիան»:

Վրաստանի ՆԳՆ-ն առանձին ներկայացնում է ռուս-վրացական սահմանի «Կազբեկ-Վերին Լարս» անցակետն անցած այցելուների  հոսքի վիճակագրությունը: Առաջին երկու ամիսներին այդ անցակետից օգտվել է 35 հազար մարդ, որոնցից 19,4 հազարը Ռուսաստանի քաղաքացիներ են, 9,5 հազարը` Հայաստանի, 2,8 հազարը` Վրաստանի,  2,1 հազարը` Ադրբեջանի, եւ 1,2 հազարը՝ այլ երկրների քաղաքացիներ: