Ստամբուլահայ հայտնի լեզվաբան, Taraf պարբերականի նախկին լրագրող Սեւան Նիշանյանը հայտարարել է, թե հրաժարվում է պաշտպանական ճառ ասել իր դեմ ներկայացված անհիմն մեղադրանքներին։

Ստամբուլի հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի գլխավոր դատախազությունն ավարտել է Նիշանյանի կողմից Մուհամեդ մարգարեին ուղղված վիրավորանքի գործով հետաքննությունը՝ մեղադրական զեկույցում հայ լեզվաբանի համար պահանջելով 1,5 տարվա ազատազրկում։

Նիշանյանը հայտարարել է, թե պաշտպանական ճառով հանդես չի գալու եւ նույնիսկ մտադիր էլ չէ մեղադրական զեկույցը կարդա, քանի որ դա իր համար վիրավորանք կլինի։ Նա հայտարարել է, թե Թուրքիայում դատախազները վախկոտ են եւ երբ բողոք է գալիս, շտապ դատական գործ են հարուցում։

Հիշեցնենք, որ Սեւան Նիշանյանն իր բլոգում գրել էր, թե շատ վաղուց մահացած անձանց ծաղրից եւ վիրավորանքից պաշտպանող իրավական կետեր չկան:

«Եթե կարող ես Հուլիոս Կեսարի դեմ ռեպլիկ անել, տրամաբանորեն կարող ես նույնը անել Մուհամեդի կամ Հիսուսի հանդեպ:

Ցավոք սրտի, մահմեդականության հանդեպ իմ հայացքները դրական չեն: Եւ կարծում եմ՝ իմ այդ հայացքները ուզածս վայրում եւ ուզածս լեզվով արտահայտելու ԻՐԱՎՈՒՆՔ ունեմ»,-գրել էր Սեւան Նիշանյանը: