Որպես պետության ղեկավար Սերժ Սարգսյանը պատասխանատվություն է կրում իշխանության երեք ուղղությունների համար, որի մեջ մտնում է նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որի նորմալ աշխատանբքի համար նախագահը եւս պատասխանատվություն է կրում: Այդ մասին մարտի 13-ին ՍԴ նիստում հայտարարել է Սերժ Սարգսյանի շահերի ներկայացուցիչ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը` պատասխանելով նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հարցին, թե ինչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը երգիչ Սերժ Թանկյանին գրած նամակում, երբ նշում էր, թե ինքն է անցկացրել ընտրությունները երկրում:

«Երկրորդ, նա որպես Հայաստանի նախագահ ունի օրենքով սահմանված պարտավորություններ: Բանն այն է, որ Հայաստանում ընտրությունները կազմակերպվում են եռաստիճան համակարգով, որը ներառում է նաեւ ԿԸՀ-ն, իսկ նախագահը օրենքով սահմանված պարտավորություններ ունի, երբ ձեւավորվում է ընտրական հանձնաժողովը»,- նշել է Դավիթ Հարությունյանը:

Անդրադառնալով Սարգսյանին որպես խորհրդարանական մեծամասնություն ունեցող ուժի ղեկավարի, Հարությունյանն ասել է, թե համաձայն Ընտրական օրենսգրքի խմբակցությունը մի շարք իրավունքներ ունի, այդ թվում` նշանակել տեղամասային հանձնաժողովների անդամներին: Այդ իմաստով իշխող կուսակցությունը կատարել է իր պարտավորությունները` նշանակելով մեկական անդամ. «Որպես նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը ունի որոշ իրավունքներ եւ պարտականություներ, այդ թվում` վստահված անձանց նշանակումը: Նամակում նշելով «ես եմ կազմակերպել» նա հենց դա նկատի ուներ»: