Սահմանադրական դատարանում դատաքննության ընթացքում ստացված պատասխանները արտացոլում են երկրում առկա իրավիճակը: Այդ մասին մարտի 13-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը` մեկնաբանելով դատաքննությունն ու հայցվորների պատասխանները:

Նրա խոսքով, ինքը գոհ է, որ կարողացավ տալ իր նախատեսած բոլոր հարցերը: «Կարող եմ մեկ բան ասել, որ պետական պաշտոնյաների մոտ ձեւավորվել է կանխավարկածի հիմնարար պատկերացում: Միեւնույն ժամանակ հասարակությունը զրոյական վստահություն ունի ընտրությունների եւ պետականության նկատմամբ: Եւ բոլոր խախտումները, որ տեսել է ժողովուրդը, եւ նրանք, որ արձանագրվել են պետական մարմիններում էականորեն տարբերվում են: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերածվել է մեքենայի, որ հրաժարվում է ընդունել ընդդիմադիր թեկնածուների դիմումները: Գլխավոր դատախազության եւ ոստիկանության ելույթները եւս ապացուցեցին, որ իրենք խախտումների մասին հայտարարություններին ընթացք չտվող մեքենաներ են»,- ասել է Ղուկասյանը:

Հարցին, թե ինչպիսիք են լինելու իր հետագա քայլերը, եթե պարտվի ՍԴ-ում, Ղուկասյանը նկատել է, թե Սերժ Սարգսյանի ինքնաբացարկի պահանջը քաղաքական կդառնա, քանի որ իրավական բոլոր սողանքները սպառվա կլինեն. «Կներկայացվի քաղաքական պահանջ: Ես կմիավորվեմ այն քաղաքական ուժերի հետ, որոնք կպահանջեն Սերժ Սարգսյանի ինքնաբացարկը»:

Նշենք, որ Անդրիաս Ղուկասյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 4-ին դիմել էին ՍԴ` «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.02.2013թ. թիվ 62-Ա որոշումը չեղյալ հայտարարելու վերաբերյալ հայցերով:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am