Սահմանադրական դատարանի դատավոր Կիմ Բալայանը ՍԴ-ում նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի հայցերի քննարկման ժամանակ հարց է տվել Հովհաննիսյանի լիազոր-ներկայացուցիչ, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանին` կասկածի տակ դնելով նրա պրոֆեսիոնալիզմը:

Բալայանի խոսքով՝ համաձայն Սահմանադրության 20-րդ հոդվածի, յուրաքանչյուրն ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: «Ըստ օրենքի, անհրաժեշտության դեպքում քաղաքացուն իրավաբանական օգնություն է ցուցաբերվում պետության հաշվին: «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով է հստակ համակարգ է ենթադրվում, որը դուք հրաշալի գիտեք, դուք էլ փաստաթուղթ եք ներկայացրել, որ իրավաբանական կրթություն ունեք: Սահմանադրական դատարանում կողմերի ներկայացուցիչները պետք է իրավաբանական կրթություն ունենան: Այժմ, ձեր կարծիքով դուք Րաֆֆի Հովհաննիսյանին անհրաժեշտ որակյալ իրավաբանական ծառայություն եք մատուցո՞ւմ, թե՞ ժամանալ եք ձգում` ՍԴ-ին զրկելով օբյեկտիվ լսումներ անելու հնարավորությունից»,- ասել է Բալայանը:

«Հարգելի դատարան, կարծում եմ` Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը ձեզ կասի, թե ինչ օգնություն եմ ցուցաբերում: Ես նրան այն օգնությունն եմ ցուցաբերում, որն անհրաժեշտ է հայ ժողովրդին»,- ասել է Զարուհի Փոստանջյանը:

Նշենք, որ Բալայանի հարցը հնչել էր Փոստանջյանի առաջարկից հետո, ըստ որի հարկավոր է 1988 տեղամասերի արդյունքներով պարկերը բերել ՍԴ եւ վերահաշվարկ անել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am