Հայաստանի Սահմանադրական դատարանն անցել է խորհրդակցական սենյակ` վճիռ կայացնելու նախագահի նախկին թեկնածուների ներկայացրած հայցերով: Մինչ այդ կայացած նիստում Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները 11 միջնորդություն են ներկայացրել: Հովհաննիսյանի լիազոր-ներկայացուցիչ, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը միջնորդություն է ներկայացրել գործող նախագահ Սերժ Սարգսյանին որպես հայցվոր ներգրավելու մասին, նաեւ միջնորդություն բոլոր 1988 ընտրատեղամասերի պարկերը ՍԴ բերելու եւ վերահաշվելու վերաբերյալ: Այդ միջնորդություններին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը պատասխանել է. «Եթե այսպես գնա, դուք կառաջարկեք որպես վկա Սերժ Թանգյանին էլ կանչել»:

Անդրիաս Ղուկասյանը միջնորդել է, որ Սահմանադրական դատարան բերվեն 576 ընտրատեղամասերի քվեաթերթիկները, որտեղ Սերժ Սարգսյանը պաշտոնական տվյալներով բարձր ձայներ է ստացել:

ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը նկատել է, թե տեխնիկապես անհնար է, որ կարճ ժամկետում քվեաթերթիկներով պարկերը բերվեն եւ հաշվվեն, քանի որ հայցը քննարկելու համար 10 օր է տրվում, իսկ ժամկետը լրանում է վաղը: Զարուհի Փոստանջյանը, վկայակոչելով Սահմանադրությունը,  ի պատասխան նշել է, թե կարելի է երկարաձգել նիստը, միայն թե ցանկություն լինի: «Դուք առաջարկում եք օգտագործելով Սահմանադրությունը` խախտել Սահմանադրությունը»,- արձագանքել է Գագիկ Հարությունյանը: