Նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի կողմից նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող հայցերը ամենաանհիմնն են բոլոր այս տարիների ընթացքում: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, Սահմանադրական դատարանի նիստում հայտարարել է ՍԴ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
«Սերժ Սարգսյանը կամավոր եւ սեփական ցանկությամբ որոշել է մասնակցել այս գործընթացին որպես երրորդ կողմ, որպեսզի ցրի ընտրությունների արդյունքների վերաբերյալ բոլոր կասկածները, քանի որ ոչ ոք ավելի շատ շահագրգռված չէ դրանում, որքան երկրի նախագահը»,-նշել է Թովմասյանը:
Նրա գնահատմամբ՝ ՍԴ նիստերի երեք օրերի ընթացքում եղել են էմոցիաներ, քաղաքական հռետորություն, բայց չի եղել իրավունք, այն լուրջ նպատակը, որին պետք է ձգտել: Դիմելով հայցվոր Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներ Կարեն Մեժլումյանին եւ Զարուհի Փոստանջյանին, նա նշեց. «Գալով դատարան, ես վստահ էի եւ հիմա էլ վստահ եմ, որ հայցվոր կողմը վստահ է իր ճշմարտացիության մեջ: Կարենն իմ լավագույն ուսանողն է եղել եւ Կարենը լավ քաղաքացի է, ազնիվ մարդ, Զարուհին գաղափարներին եւ կուսակցության առաջնորդին նվիրված մարդ է: Այդ առումով, Կարեն ջան, Զարուհի ջան, ես սիրում եւ հարգում եմ ձեզ: Բայց ստիպված եմ ասել, որ քաղաքացիական եւ քրեական գործերի ժամանակ կիրառվող միջոցները չի կարելի օգտագործել Սահմանադրական դատարանում: Դատական գործընթացն այստեղ ունի մի շրաք առաձնահատկություններ, իսկ այստեղ հնչող հայտարարությունները հասարակական քննարկման առարկ ա է դառնում: Հռետորությունը, որը դուք կորող էինք օգտագործել որեւէ այլ դատարանում, որեւէ այլ հարթակում, այստեղ տեղին չէ»:



























