Աբխազիայի տարածքով Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկաթուղային կապը վերականգնելու համար քաղաքական կամք կա, բայց Վրաստանը զգուշություն է ցուցաբերում: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

«Մեր կողմից քաղաքական կամքը կա, բայց գոյություն ունեն շատ հարցեր: Դա շատ զգայուն թեմա է հաշվի առնելով Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ մեր օկուպացված տարածքների պատճառով: Այդ հարցը քննարկվում է եւ պետք է լուծվի այդ համատեքստում: Մենք դրան շատ զգույշ ենք վերաբերում...»,-ասել է նա:

Ինչպես հաղորդում է «Գռուզիա Online»-ը, Իվանիշվիլին հստակեցրել է, որ Վրաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում չի հրաժարվի «օկուպացիա» եզրից, բայց ինքը մտադիր չէ վիրավորել Ռուսաստանին: «Մենք համբերատար կլինենք եւ անընդհատ կպայքարենք Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման համար»,-հայտարարել է Իվանիշվիլին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի վարչապետը բազմիցս հայտարարել է Աբխազիայով անցնող երկաթուղին վերականգնելու մտադրության մասին, որը դադարել է գործել 1992-93 թվականների վրաց-աբխազական հակամարտությունից ի վեր:

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կտրականապես դեմ է այդ նախաձեռնությանը եւ համարում է, որ դա կլինի Ռուսաստանի էքսպանսիան դեպի Կովկաս: