Այսօր՝ մարտի 14-ին,  Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում տեղի է ունեցել ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության  Բաղրամյանի տարածաշրջանային բաժնմունքի նոր վարչական շենքի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի գլխավոր հարկադիր կատարողի տեղակալներ, Սամվել Եգանյանը եւ Դավիթ Բեգինյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, տեղական ինքնակառավարման ու իրավապահ մարմինների ղեկավարներ, ԴԱՀԿ ծառայության աշխատակիցներ, պաշտոնատար այլ անձինք:

Իր խոսքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Սամվել Եգանյանը նշել է,  որ ծառայության  մարզային կառույցների գործունեության բարելավման խնդիրները մշտապես գտնվում են ծառայության ղեկավարության ուշադրության կենտրոնում, եւ ստեղծված աշխատանքային պայմանները կնպաստեն հարկադիր կատարողների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Նա վստահություն է հայտնել, որ հարկադիր կատարողներն ամենայն պատասխանատվությամբ կիրականացնեն իրենց գործառույթները:

Այնուհետեւ  ԴԱՀԿ ծառայության ղեկավարի տեղակալները  շրջայց են կատարել շենքում, ծանոթացել կատարված աշխատանքներին, ստեղծված պայմաններին ու տեխնիկական հնարավորություններին։

ԴԱՀԿ  ծառությունում ընթացող բարեփոխումների կարեւոր ուղղություններից է ծառայողների աշխատանքային պայմանների հետեւողական բարելավումը: Բաղրամյանի բաժանմունքի` ժամանակակից համակարգչային տեխնիկայով վերազինված նոր վարչական շենքը հիմնանորոգվել եւ կահավորվել է  ԴԱՀԿ ապահովող ծառայության միջոցներով. այն սպասարկելու է 23 գյուղական համայնքների բնակիչներին: Ժամանակակից ու հարմարավետ աշխատասենյակները կապահովեն քաղաքացիների արագ ու որակյալ սպասարկումը:

Հավելենք, որ 2011թ. ընթացքում ԴԱՀԿ ծառայության Արմավիրի մարզային բաժնում հարուցվել է թվով 6702 կատարողական վարույթ` 3.181.555.104 դրամ բռնագանձման ենթակա գումարով, բռնագանձվել է 711.512.208 դրամ: 2012 թ. ընթացքում հարուցվել է  7116 կատարողական վարույթ՝ 3.044.839.059 դրամ բռնագանձման ենթակա գումարով, բռնագանձվել է 917.996.607 դրամ: