Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը հարվածի տակ է դնում բարոյական քաղաքական գործչի կերպարը: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, հավելելով, որ այս վիճակում բարդ է որեւէ որոշում ընդունել:

Նրա խոսքով՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը ճգնաժամային չէ: «Անկասկած, ժողովուրդն անորոշության մեջ էր, քանի որ հիմնական քաղաքական ուժերը նահանջել էին, եւ Րաֆֆի Հովհաննիսյանն օգտվեց ստեղծված իրավիճակից»,-ասաց Ազատ Արշակյանը:

Միաժամանակ նա ընդգծեց, որ վերջում ամեն բան իր տեղը կընկնի: «Րաֆֆի Հովհաննիսյանը կամ ընդառաջ կգնա իշխանություններին եւ իր կուսակիցներին հնարավորություն կտա քաղաքական վարչական կարիերա անել, կամ գործող նախագահ Սերժ Սարգսյանը ստիպված կլինի դաշնակից գտնել, որպեսզի իրականացնի բարեփոխումները»,-նշեց նախկին պատգամավորը:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, ով վիճարկում է նախագահական ընտրությունների արդյունքները, արդեն  5-րդ օրն է հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում:

 

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am