Հայաստանի ոստիկանության պահվածքը անընդունելի ու իրավաչափ չէր քաղաքացիների նկատմամբ: Այդ մասին այսօր` մարտի 14-ին, հայտարարել է նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը` մեկնաբանելով կեսօրին վրան տեղադրելու փորձի ժամանակ ոստիկանների գործողությունները:
«Ես երբեւէ պահանջ չեմ ներկայացրել վրանի տեղադրման համար, դա առաջին հերթին պետական մարմինների պարտավորությունն է»,- նշել է Հովհաննիսյանը եւ հավելել. «Այս ամիսների ընթացքում մեր պայքարը ոստիկանության հետ եղել է համերաշխ պայքար եւ ես երբեք թույլ չեմ տալու, որ բախում լինի: Երբ Վովա Գասպարյանի խիղճը տանջի, թող ինքը հրահանգի, որ ոստիկանները վրան տեղադրեն: Ես չեմ ուզում վրան: Եթե գեներալ Գասպարյանը իր բոլոր հատկանիշներով ունի այդ կամքը ապահովելու իմ անվտանգությունը եւ առողջությունը, ապա ինքը դա կարող է կազմակերպել»,-ասել է Հովհաննիսյանը:
Իսկ «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանն ընթերցել է մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հայտարարությունը, որում վերջինս նշել էր, թե «ՀՀ քաղաքացի Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից մեկ վրանի տեղադրման խոչընդոտումը համարում է մարդու իրավունքների խախտում: Մեկ վրանի տեղադրումը Ազատության հրապարակում չի կարող դիպվել, որպես հասարակական կարգի խախտում: ՀՀ ոստիկանության գործողությունները համարում եմ ոչ իրավաչափ»:
Րաֆֆի հովհաննիսյանը նաեւ նշել է, թե այսօր արվեստագետ եւ ազգային գործիչ Վարդան Պետրոսյանին, արգելել են մուտք գործել Ֆրանսիական համալսարան՝ ուսանողների հետ հանդիպման: «Կուսակցականացրել են կրթական համակարգը, բայց ապրիլի 9-ից հետո փոխվելու է: Ես թույլ չեմ տալու, որ մեր հաղթանակը չտոնենք միասին»:
Фото Арсена Саркисяна /Новости Армении – NEWS.am



























