«Խոսրովի անտառ» արգելոցի «Խոր Վիրապ» արգելավայրում որսագողության դեպքեր են հայտնաբերվել: Այդ մասին տեղեկացնում է «Էկոլուրը»՝ հղում անելով ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնին:
«Խոր Վիրապ» արգելավայրի եւ «Խոսրովի անտառ» արգելոցի հատուկ ջոկատի տեսուչները արգելավայրի 50 հա տարածքից առգրավվել են 5 ձկնորսական ցանց, 17 կարթ, 7 ձկնորսական էկրան, որոնց վերաբերյալ կազմվել է արձանագրություն: Առգրավված ձկնորսական միջոցներն արձանագրությունների հետ ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության տարածքային բաժին:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ղեկավարությունը վերջին մեկ ամսվա ընթացքում խստացված ռեժիմով ստուգումներ է իրականացրել արգելոցի արգելավայրում, որտեղ տարվա այս ժամանակահատվածում չթույլատրված որսի եւ ձկնորսության դեպքերը առավել շատանում են` կապված թռչունների չուի հետ:



























