Ադրբեջանում տեղի ունեցող հանրահավաքներն ու բողոքի ակցիաները վկայում են այդ երկրում ստեղծված իրավիճակի մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Բանն այն է, որ Ադրբեջանը մերձավորարեւելյան նավթային երկիր է (petrol state) բավական յուրատեսակ դասադով, որի օգնությամբ նա ներկայանում է արտաքին աշխարհին, իսկ այդ ֆասադի հետեւում բոլորովին այլ երկիր է, որտեղ շատ մեծ է սոցիալական բեւեռացումը, ավելի մեծ, քան՝ Հայաստանում»,-նշեց քաղաքագետը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանում, այսպես կոչված, «սոված խռովությունների» շարք է տեղի ունենում, որոնք սկսվել են Իսմայիլիից: «Դա ցույց է տալիս, որ սոցիալական վիճակն այդ երկրում բավական ծանր է: Անհասկանալի է, թե ինչպես է այդ խնդիրը լուծելու Ադրբեջանի ղեկավարությունը: Նա անընդհատ ասում է, որ երկիրը գտնվում է Հայաստանի հետ պատերազմական վիճակում, ուստի հսկայական փողեր են ծախսվում ոչ թե բնակիչների, այլ ինչ-որ սպառազինությունների վրա, որոնց օգնությամբ, իբր, խնդիրը շուտով լուծվելու է»,-ասաց Իսկանդարյանը՝ հավելելով, որ մարդիկ աստիճանաբար դադարում են հավատալ դրան:




























