Թեեւ դեռ ժամանակ կա Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ քաղաքում ընտրական տեղամասեր ստեղծելու համար, բայց չեմ կարծում եմ, որ դրանց թիվը փոփոխության ենթարկվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նրա խոսքով՝ ընտրատեղամասերի քանակը փոխելու համար քիչ ժամանակ է մնացել, սակայն եթե, այդուհանդերձ, դրանձ ձեւավորման ժամանակ գրանցված ընտրողների թիվը անցնի 2 հազարից, ապա նոր ընտրական տեղամաս կձեւավորվի:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու նախորդ ընտրությունների ժամանակ (2009-ին) Երեւանում գործել է 439 ընտրատեղամաս, փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ժամանակ՝ 469 ընտրատեղամաս (հաշվի առնելով 3 ՔԿՀ-ներում բացված տեղամասերը): Այսպիսով, մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում կաշխատի 466 ընտրատեղամաս: Անփոփոխ կմնա ընտրատարածքների թիվը՝ 13:
Մուկուչյանը նշեց, որ թեեւ մարտի 11-ից սկսվել է կուսակցությունների համամասնական ցուցակների առաջադրումների փուլը, բայց դեռ ոչ մի քաղաքական ուժ իր փաստաթղթերը չի ներկայացրել ԿԸՀ:
Քաղաքական ուժերն այդ ընտրություններում կպայքարեն Երեւանի ավագանու 65 տեղի համար:
Նախընտրական քարոզչությունը կսկսվի ապրիլի 7-ին եւ կտեւի մինչեւ մայիսի 3-ը: Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենում բացառապես համամասնական ընտրակարգով:



























