Սահմանադրական դատարանի որոշմանը մենք գնահատական կտանք վաղը՝ Ազատության հրապարակում, որտեղ կհայտարարվի «Ժառանգություն» կուսակցության եւ նրա առաջնորդի հետագա քայլերի մասին: Այս մասին, ՍԴ որոշումից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ-ում Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:
«Եթե դատարանը չէր պաշտպանում գողին, տվյալ դեպքում Սերժ Սարգսյանին, ապա թող ՍԴ բերեին 1988 ընտատեղամասերի քվեաթերթիկների պարկերը եւ երկու օրվա ընթացքում հանգիստ կարելի էր վերահաշվարկել պարկերի պարունակությունը եւ պարզել, թե ինչ է տեղի ունեցել նախագահական ընտրությունների արդյունքում: Բայց տեղի ունեցավ պարզապես կողոպուտ: Սերժ Սարգսյանը պարզապես գողացավ երկրի քաղաքացիների ձայները»,-ասաց Փոստանջյանը:
Անդրադառնալով ՍԴ որոշման այն դրույթին, ըստ որի չեղյալ են հայտարարվել թիվ 17/05 տեղամասի քվեարկության արդյունքները, Փոստանջյանն ամոթալի համարեց, որ խոսքը միայն մեկ ընտրական տեղամասի մասին է, այն դեպքում, երբ ողջ երկրով տեղի են ունեցել ընտրախախտումներ, իսկ ընտրական հանձնաժողովների անդամների նկատմամբ ճնշումներ են կիրառվել:



























