54 համարի ավտոբուսը արդեն 3 օր է, ինչ շրջանցում եւ չի սպասարկում Նորաբաց գյուղը, որի հետեւանքով անակնկալի եկած ուղեւորները ստիպված են լինում գյուղ հասնելու համար այլ տարբերակներ փնտրել: Այս մասին NEWS.am-ին փոխանցեցին նման իրավիճակում հայտնված ուղեւորները:

Նման իրավիճակում հայտնված ուղեւորներից մեկը դժգոհում է, որ երթեւեկելով 54 համարի ավտոբուսով, հասնելով Նորաբաց գյուղի մոտ վարորդը հրաժարվել է շարունակել երթուղին նախկինի պես եւ ասել, որ նրան աշխատանքից կհեռացնեն եթե չկատարի վերադասի հրահանգը: Վարորդը ուղեւորների մոտ կապ է հաստատել ավտոպարկի հետ, որտեղից հաստատել են, որ նման որոշում կա:

Արդյունքում ավտոբուսում գտնվողները, այդ թվում կանայք եւ երեխաներ, ստիպված են եղել երեկոյան 20.00-ին 2 կմ ոտքով անցնել: 

Երեւանի Ավտոբուս ՓԲ ընկերության տնօրեն Էլբակ Փարփոշյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ իրենք ժամանակավորպես չեն սպասարկում Նորաբաց գյուղի երթուղին, քանի որ այդ գյուղում ճանապարհի վերանորոգման աշխատանքներ են կատարվում: Ավելին` այսօր արդեն գյուղապետը զանգահարել է, որ գան տեսնեն ճանապարհները երթեւեկությանը համապատասխանում են, թե՝ ոչ: «Եթե տեսնենք, որ համապատասխանում են, հենց վաղն էլ կշարունակենք սպասարկել»,- ասաց Էլբակ Փարփուշյանը: Հարցին, թե ինչո՞ւ ավտոբուսի վրա չեն փակցնում, որ ավտոբուսը ժամանակավորպես չի սպասարկելու Նորաբացի երթուղին, որպեսզի մարդիկ անակնկալի չգան ճանապարհի կեսից, նա պատասխանեց, որ գյուղապետարանը, մարզպետարանը եւ քաղաքապետարանը տեղյակ են այդ մասին, իսկ չեն փակցնում, քանի որ դա ժամանակավոր բնույթ է կրում եւ իրենց գյուղապետարանից փոխանցել են, որ խնդիրը օպերատիվ կլուծեն: