Սահմանադրական դատարանի որոշմամբ չեղյալ են հայտարարվել թիվ 17/05 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները, սակայն մեկ տեղամասի ընտրական հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ գնահատականը չի կարող վերաբերել մնացած ընտրատեղամասային հանձնաժողովների աշխատանքին: Այս մասին ՍԴ որոշումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն իր որոշումներն ու գործողություններն ամբողջությամբ իրավաչափ է համարում եւ որ ՍԴ ներկայացված հայցերում բացակայում են ծանրակշիռ հանգամանքներ, որոնք կարող էին կասկածի տակ դնել ԿԸՀ-ի գործողությունները: «Եթե այլ ընտրական տեղամասերում խախտումներ լինեին, ինչպես թիվ 17/05-ում, ապա կներկայացվեին բողոքներ, իսկ դրանց բացակայության պայմաններում խոսելու բան չկա»,-ասաց Մուկուչյանը:

Նշենք, որ ՍԴ որոշման մեջ, մասնավորապես, նշվում է, որ «Ժառանգության» ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել վերահսկել ընտրությունների ընթացքը, սակայն նրանք չեն օգտվել ժամկետների մեջ բողոքներ ներկայացնելու հնարավորությունից:

Փաստաթղթում նշվում է, որ 1988 ընտրատեղամասերից միայն մեկում է «Ժառանգության» ներկայացուցիչը հատուկ կարծիք ներկայացրել, որը ներառվել է արձանագրության մեջ, բացի այդ, քվեարկության արդյունքում ներկայացվել է 12 բողոք: Բոլոր տեղամասերում կուսակցությունների ներկայացուցիչները ստորագրել են արձանագրությունների տակ: Միաժամանակ, «Ժառանգությունը» ներկայացուցիչներ է ունեցել 1884 ընտրատեղամասերում, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն ունեցել է 1009 վստահված անձ: