Մոսկվայի ոստիկանությունը մարտի 15-ի գիշերը Սմոլենսկի բուլվարում գտնվող արեւելյան «Օլիվա» սրճարանի 16 այցելուի է ձերբակալել, որոնք փետրվարի սկզբին զանգվածային հրաձգություն էին կազմակերպել հենց հաստատության ներսում: Հիշեցնենք, փոխհրաձգության ընթացքում վիրավորվել էր 38-ամյա Արթուր Հակումյանը: Նրան տեղափոխպել էին հիվանդանոց եւ պաշտպանության տակ վերցրել:

Իրավապահները բոլոր կասկածյալներին միաժամանակ են այցելել՝ քաղաքի տարբեր թաղամասերում: Չորս տասնյակ կասկածյալներից ընդամենը 16-ին է հաջողվել ձերբակալել, երեքի մոտ թմրանյութեր են գտել, եւ այժմ նրանց դեմ քրեական գործ է հարուցվել, հայտնում է  Life News-ը:

Այցելուների երկու խմբերի միջեւ հակամարտությունը ծագել էր փետրվարի 11-ի գիշերվա մեկի սահմաններում:

Թեեւ կողմերը տասնյակ կրակոցներ էին արձակել, լուրջ տուժել էր միայն մեկ այցելու՝  38-ամյա Արթուր Հակումյանը: Գնդակները դիպել էին ոտքերին: Հակումյանն ավելի վաղ պատմել էր, որ այդ երեկոյան նստած է եղել ռեստորանում եւ աղջկա է սպասել: «Երբ սկսվեցին կրակոցները, ես վազեցի աստիճանների մոտ, բայց այդ պահին կրակեցին»,- ասել էր նա` հավելելով, թե չի տեսել կրակողներին եւ չի ճանաչում նրանց:

«Օլիվա» ռեստորանի անձնակազմը ոչ միայն չէր կարողացել ինքնուրույն չեզոքացնել զինված խուլիգաններին, այլեւ ուշացումով էր զանգահարել ոստիկանություն: Դրա հետեւանքով իրավապահները որոնման համար ամսից ավելի ժամանակ են կորցրել: