«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Արմավիան» գնելու մտադրություն չի ունեցել եւ չունի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նրա մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը նշեց, որ լրատվամիջոցներում տարածված այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: «Գագիկ Ծառուկյանը  նման մտադրություն չի ունեցել եւ չունի, ավելին` եթե կան կազմակերպություններ, ովքեր կարող են ոլորտում առկա խնդիրները լուծել եւ ծառայությունները որակական նոր փուլ տեղափոխել, ապա պարոն Ծառուկյանը միայն ողջունում է»,- նշեց նա:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ էր Ծառուկյանը հանդիպել «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի հետ, նա պատասխանեց, որ այդ հանդիպման կայացման մասին, որպես մամուլի խոսնակ, որեւէ տեղեկատվություն չունի:

Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ «Արմավիա» ընկերության սեփականատեր Միկա Բաղդասարովի  հանդիպման մասին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Խնդիրը վերաբերում է «Արմավիա» ընկերության վաճառքին: Ծառուկյանը մտադիր է գնել եւ Բաղդասարովին համոզում է, որ այն սնանկ հայտարարի, որից հետո կկայանա վաճառքը: Սակայն սրան դեմ է կառավարությունը, քանի որ չվճարված աշխատավարձերը կհանգեցնեն բողոքի, ուստի ուզում են, որ վաճառքը կայանա պարտքերի հարցը լուծելուց հետո: Ի դեպ, բանակցություններ են ընթանում նաեւ արտասահմանյան 2 ընկերությունների՝  ամերիկյան «Վիրջին ատլանտիկի» եւ իտալական մի ընկերության միջեւ, սակայն Ծառուկյանի մտադրությունը խանգարում է այս բանակցություններին: