«Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի» Ազգային հետազոտական համալսարանի աշխատակիցներն ուսումնասիրել են ռուսական գաղութներից մեկի կալանավորների քաղաքական հայացքները եւ ցնցող քննադատական մտածելակերպ եւ բանտարկյալների կենսակերպի համար զարմանալի ազատամտություն հայտնաբերել:
Ուսումնասիրողների խնդիրն էր հասկանալ, թե որքան են տարբերվում հասարակությունից մեկուսացածների հայացքները ֆիզիկապես ազատ մարդկանց համոզմունքներից: Որքան էլ հակասական է, առավել նվազ կաշկանդվածություն ունեցել են անազատները: Բանտարկյալներն ավելի քննադատաբար տրամադրված են եղել, իսկ համանման հայրենասիրություն են ցուցաբերել պատգամավորները եւ անօթեւանները:
Բանտարկյալների մեծամասնությունը վստահ է, որ ներկայիս քաղաքական գործիչներից ոչ մեկին կատարյալ չի կարելի անվանել: Սակայն ոմանք առանձնացրել են ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկիին: Ըստ հետազոտողների՝ դա կապված է «նրանց հետ նույն լեզվով խոսելու հետ», գրում է «Մոսկովսկիե նովոստին»:
Հետաքրքիր է, որ միաժամանակ բանտարկյալներն իրենց չեն հավասարեցնում օրինախախտներին եւ կշտամբում են ազատության մեջ դա անողներին: Բանտարկյալներն անկետաներում կշտամբել են իշխանություններին եւ Ռուսաստանում ներկայիս իրադրությունը: Այսպես, 62-ամյա էլեկտրիկը գրել էր, որ երկրում «ով հարուստ է նա էլ կառավարում է: Աշխատողը ստորացված է, թոշակառուներն ավելորդ աղբ են»: 24-ամյա մեկ այլ բանտարկյալ հայտնել է, որ «Ռուսաստանը թալանում են ագահ պաշտոնյաները, պատգամավորները եւ քաղաքապետերը: Ամեն ինչ գնվում եւ վաճառվում է»:
Երբ բանտարկյալներին առաջարկվել էր իրենց պատկերացնել նախագահի տեղում եւ միջոցներ առաջարկել Ռուսաստանում իրադրությունը շտկելու համար, շատերը պատասխանել էին, որ կսկսեին դատական համակարգի բարեփոխումից: Ընդ որում, հարցվածների մեծամասնությունը կողմ էին մահապատժին: Նրանք առաջարկում են մահապատժի ենթարկել մանկապիղծներին, մոլագարներին, բռնաբարողներին, շատ վտանգավոր բարձրաստիճան կաշառակերներին:




























