Մարտի 16-ին` ժամը 11:00-ին, ԵՊՀ-ում, ինչպես նաեւ Հայաստանի 6 մարզերում՝ Գյումրում, Արարատում, Արմավիրում, Կապանում, Գորիսում եւ Իջեւանում, կմեկնարկի «Դպրոցականների օլիմպիադա. ԵՊՀ-2013»-ը:

Հանրակրթական 15 առարկաներ (մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայ ժողովրդի պատմություն, մարդու իրավունքներ եւ ժողովրդավարություն, հայոց լեզու եւ գրականություն, ռուսաց լեզու, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ստեղծագործական աշխատանք, հայ եկեղեցու պատմություն) ներառած օլիմպիադան նախատեսված է 12-րդ դասարանի աշակերտների համար: Ըստ առարկաների՝ յուրաքանչյուր դպրոցից կարող է մասնակցել 2-3 աշակերտ: Օլիմպիադայի տեւողությունը 4 ժամ է:

Ներկայումս օլիմպիադային մասնակցելու հայտ է ներկայացրել 2350 դպրոցական: Առաջադրանքները կահամախմբվեն Երեւանում եւ կստուգվեն հանձնաժողովի կողմից:

Դպրոցական օլիմպիադայի մի շարք առարկաներ թեստային սկզբունքով են լինելու, ինչը մասնակիցներին միասնական քննություններից առաջ թույլ կտա եւս մեկ անգամ ստուգել իրենց գիտելիքները:

Միջոցառմանը կմասնակցեն ինչպես Մայր բուհի եւ Երեւանի, այնպես էլ համապատասխան մարզերի պաշտոնյա անձիք:

Օլիմպիադայի փակումը տեղի կունենա ապրիլի 5-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ մեծ դալիճում (Կենտրոնական մասնաշենք, 2-րդ հարկ): Հաղթողները կստանան 1-ին, 2-րդ եւ 3-րդ կարգի դիպլոմներ, ինչպես նաեւ Մայր բուհի կողմից կպարգեւատրվեն գրքերով:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am