Երեւանի Ազատության հրապարակում ընթանում է նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հանրահավաքը, որը վարում է «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Հավաքվածների առաջին շարքերը Րաֆֆի Հովհաննիսյանին դիմավորել են բուռն ծափահարություններով, երբ նա հացադուլի վայրից հայտնվել է հարթակում:
Ինչպես նշել է Արմեն Մարտիրոսյանը, շատ քաղաքացիների անհանգստությունը Հովհաննիսյանի հացադուլի վերաբերյալ բացատրելի է, սակայն ընդդիմադիր գործիչը հավաստիացրել է, որ այդ ակցիայից նախկին թեկնածուի կամքն ու պայքարի ձգտումը ուժեղանալու է:
Մարտիրոսյանը նաեւ հաղորդել է, որ ընդդիմության կողմնակիցների պնդմամբ, այսօրվանից սկսելու են ստորագրահավաքը հետեւյալ տեքստի տակ. «Ես` Հայաստանի քաղաքացիս ողջունում եմ նորընտիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը, պատարստ եմ ամեն կերպ աջակցել նրան, այդ թվում` մասնակցել ապրիլի 9-ի բողոքի ակցիային»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























