Ընդհանուր առմամբ հետընտրական ֆեյսբուքն առանձնացավ միմյանց դեմ պայքարի լարվածությամբ ու խստությամբ: Այս մասին այսօր` մարտի 15-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Ռեգիոն հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը, ով ներկայացրել է «Ֆեյսբուքը նախընտրական հարթակ Հայաստանում. նախագահական ընտրություններ» ուսումնասիրության հետընտրական փուլի արդյունքները (փետրվարի 19 – մարտի 10):

Ուսումնասիրության ընթացքում դիտարկվել են ֆեյսբուքում ներկայացված նախագահի նախկին թեկնածուների (Րաֆֆի Հովհաննիսյան, Հրանտ Բագրատյան, Պարույր Հայրիկյան, Անդրիաս Ղուկասյան, Արման Մելիքյան, Արամ Հարությունյան, Վարդան Սեդրակյան) էջերը, ֆեյսբուքյան մի շարք ակտիվ, տարբեր քաղաքական ուժերին համակրող օգտատերերի էջերը, որոնցից են Տիգրան Քոչարյանը, Ստյոպա Սաֆարյանը, Արմեն Աշոտյանը, Հրանտ Տեր-Աբրահամյանը, եւ ֆեյսբուքում գործող տարբեր խմբերի էջերը:

«Եթե քարոզչության ընթացքում կատակներ էին հնչում, ապա հետընտրական փուլում գնահատականներն ավելի խիստ էին, պայքարը սաստկացել էր եւ սեւ PR-ով հեղեղված ֆեյսբուքը բավական հետաքրքիր էր ուսումնասիրության առումով»,- ասաց Լաուրա Բաղդասարյանը: Ըստ հետազոտության` լարվածությունն առավել մեծացել է  հատկապես մարտի 10-ից հետո, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց հացադուլային  պայքարը:

«Հետաքրքրական է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում հանրապետականներին աջակցող ֆեյսբուքյան ակտիվիստները կարծես time out են վերցրել, մի տեսակ սպասողական վիճակում են»,- ասաց Բաղդասարյանը:

Քարոզչության ընթացքում նախագահի ակտիվ թեկնածուները հիմնականում շարունակում էին ֆեյսբուքն օգտագործել որպես տեղեկատվության տարածման միջոց: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հետընտրական ֆեյսբուքում հակաքարոզչություն իրականացնող ամենաակտիվ նախկին թեկնածուն Արման Մելիքյանն է, ով հիմնականում հակաքարոզչություն է իրականացրել  Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ: Լաուրա Բաղդասարյանը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի էջի հավանողների թիվը հետընտրական փուլում կտրուկ բարձրացել է 15000-ից հասնելով 28000-ի: «Րաֆֆի Հովհաննիսյանն անձամբ ակտիվ չէ ֆեյսբուքում, սակայն նրա էջում այս շրջանում տեղադրվել է մոտ 217 նյութ, տարբեր քննարկումներ ընտրությունների հետ կապված, սա ռեկորդային քանակ է»,- ասաց Բաղդասարյանը:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնը շարունակելու է հետընտրական շրջանում դիտարկումներ իրականացնել ֆեյսբուքում մինչեւ ապրիլի 9-ը (ՀՀ նախագահի երդման արարողության օրը), սակայն միաժամանակ դիտարկվելու են նաեւ Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների շուրջ ծավալվող քննարկումները ֆեյսբուքում: