Մասնավոր ուղեւորափոխադրումներով իրականում ավելի ձեռնտու է զբաղվել ապօրինաբար: NEWS.am-ի թղթակցի հետ զչրույցում նման կարծիք հայտնեցին մի քանի մասնավոր տաքսիստնռր, որոնք լրագրողների հետ հանդիպում էին կազմակերպել Երեւանի տաքսապարկերից մեկում: Նրանց խոսքով, իրենց մի քանի ծանոթներ այդպես էլ վարվում են` ազատվելով օրինական տաքսիների համար պարտադիր վճարումներից` 25 հազար դրամ տարեկան տուրքից, 9մ5 հազար դրամ ամենամսյա արտոնագրային վճարից եւ 5 հազար դրամ եկամտահարկից: «Նրանք մտածում են` եթե տարվա մեջ առաջին անգամ բռնեն, 20 հազար դրամի ակտ կգրեն, երկրորդ անգամ` 50 հազար: Իսկ երկու անգամից ավելի Աստված տա, չեն բռնի: Հաշվեք` նման տուգանքներով ազատվելն ավելի հեշտ է»,- ասաց տաքսիստներից մեկը, ով ներկայացավ Ռուբիկ անունով:

Այսինքն «դեղին համարներով տաքսիների» վարորդները դեմ չե՞ն «սպիտակ» համարներով տաքսիներին, հարցին նա պատասխանեց. «Հարցը սխալ եք դնում: Ինչո՞ւ է պետություն ուզում մեզ իրար հետ կռվացնել: Ինչու ես, վաստակելու համար պետք է մտածեմ ոչ թե բիզնեսը ձեւակերպելու, այլ այն սվաղելու մասին: Համեմատեք մեզ խոշոր ծառայությունների հետ: Նրանք նույն ծախսերն ունեն` գումարած եկամտահարկ: Իսկ աշխատում են մեզնից էժան: Ինչպե՞ս է ստացվում: Այդ մասին պետությունը չի հարցնում, իսկ ողջ ուշադրությունն ուղղված է սպիտակ համարներին»: