Այսօր` մարտի 15-ին,  կայացել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Հայկ Հակոբյանը նշեց, որ 11 թեկնածուներից մրցույթին չի մասնակցել 4-ը:  Նրանցից մեկը` Վահան Դավթյանը, ինքնաբացարկ է հայտարարել, մեկ թեկնածու` Վարդան Մամիկոնյանը, չի ներկայացել մրցույթին, Ալբերտ Դումիկյանը չի մասնակցել, քանի որ ՀՀ քաղաքացի չէր, իսկ Արայիկ Կարապետյանին չի թույլատրվել մասնակցել, որովհետեւ համապատասխան ստաժ չուներ:

Ըստ մրցույթի արդյունքների` 70 տոկոսանոց շեմը հաղթահարել են 3 թեկնածու` Վարանցով Բարսեղյանը` 78,5 տոկոս, Հրաչյա Հովակիմյանը` 98 տոկոս, Գառնիկ Շաբոյանը` 70,8 տոկոս: Հայկ Հակոբյանը նշեց, որ համաձայն կանոնակարգի` բնապահպանության նախարարը եռօրյա ժամկետում  կնշանակի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենին:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հովակիմյանը նշանակվել էր «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար` մինչեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված մրցութային կարգով տնօրենի նշանակումը: «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար նոյեմբերի 23-ին կայացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Գաբրիել Պողոսյանը չէր նշանակվել այդ պաշտոնում` գիտակցելով առկա դժվարությունները եւ ունենալով նաեւ լրացուցիչ այլ ծանրաբեռնվածություն, խնդրել էր ընթացք չտալ տնօրեն նշանակվելու խնդրանքով ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացրած իր դիմումին: Այդ հիմքով իսկ կասեցվել էր տնօրենի նշանակման գործընթացը: Լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ ինչպես Գաբրիել Պողոսյանը, այնպես էլ Հրաչյա Հովակիմյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի «հովանավորյալներն են»: