Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ իր վրդովմունքը հայտնելով Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավար Վիլֆրիդ Մարտենսի՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի առնչությամբ, քննադատության ենթարկեց ողջ Արեւմուտքը, «այն բանի համար, որ այն դարձել է հայաստանում ժողովրդավարական արժեքների ոտնահարման հանցակիցը»: Նրա խոսքով՝ եթե Եվրոպան այն է, ինչ ասում է Մարտենսը, ապա այդպիսի Եվրոպա Հայաստանին պետք չէ:

Ելույթ ունենալով Ազատության հրապարակում, Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Հայաստանին ժողովրդավարության դասեր չտալ, քանի դեռ նա շնորհավորում եւ աջակցում է երկրի ներկա ղեկավարությանը: Հովհաննիսյանը կրկին հայտարարեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը կլքի Եվրոպական ժողովրդական կուսակցության շարքերը, եթե Վիլֆրիդ Մարտենսի դիրքորոշումը ընդհանուր դառնա ողջ ԵԺԿ-ի համար:

Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանում նախագահական ընտրություններից անմիջապես հետո խիստ քննադատության էր ենթարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ով առաջիններից մեկն էր շնորհավորել Սերժ Սարգսյանին ընտրվելու առթիվ: Դրանից հետո շնորհավորանքներ ստացվեցին նաեւ այլ երկրների ղեկավարներից, որոնք եւս հայտնվեցին Րաֆֆի Հովհաննիսյանի քննադատության թիրախի տակ:

Նշենք, որ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսը «Ազատությանը» տված հարցազրույցում խիստ զարմանք է հայտնել գործընկեր կուսակցության՝ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի քննադատություններից, թե ինքը խախտել է ժողովրդավարության ու օրինականության եվրոպական սկզբունքները, երբ շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ վերընտրության կապակցությամբ:

«Ես շատ զարմացած եմ այս փաստից։ Ընտրություններից մի քանի շաբաթ առաջ ես մեկնեցի Երեւան եւ հանդիպեցի նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանին։ Նա շատ քաղաքավարի էր, եւ ամեն բան կարգին էր։ Դիտորդների գնահատականները շատ հստակ էին՝ այս ընտրություններում իրական առաջընթաց կար։ Իհարկե, ոչ բոլոր բարեփոխումներն էին իրագործվել, բայց առաջընթացը հսկայական էր, եւ ես կարծում եմ ՝ճիշտ չի լինի ասել, թե այս ընտրությունները կեղծված էին։ Կարծում եմ՝ Հայաստանի նախագահը իսկապես եւ ճիշտ ձեւով ընտրվել է», - ասել է ԵԺԿ-ի նախագահը։

 

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am