Մարտի 15-ին Հունաստանի ԱԳ նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով ժամանեց Հունաստան։

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Հայաստանի արտգործնախարարին ընդունեց Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասը։

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Հունաստանի ղեկավարը ասաց, որ հույն ժողովուրդը ամենաջերմ համակրանքն ու եղբայրական զգացմունքներն է տածում հայ ժողովրդի եւ Հայաստանի նկատմամբ եւ ուրախ է, որ երկկողմ քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ պետք է երկուստեք քայլեր ձեռնարկվեն տնտեսական համագործակցությունը նույն մակարդակի վրա բարձրացնելու համար։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը  նախագահ Պապուլիասին փոխանցեց Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները,  եւ նշեց, որ Նախագահ Սարգսյանն առանձնահատուկ ջերմությամբ է հիշում 2011 թ. Հունաստան կատարած իր այցելությունը  եւ սպասում է Հունաստանի նախագահի պատասխան այցին:

Հունաստանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը գոհունակությամբ նշեցին, որ վերջին տարիները առանձնացան Հայաստանի եւ Հունաստանի միջեւ շփումների ինտենսիվությամբ, եւ որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերություններին նոր խթան հաղորդվեց ու առկա է երկուստեք պատրաստակամություն դրանք առավել ամրապնդելու եւ խորացնելու համար: Զրուցակիցներն համակարծիք էին, որ հայ-հունական հարաբերությունները առանձնաշնորհյալ բնույթ են կրում իրենց փոխըմբռնման եւ փոխվստահության բարձր մակարդակի շնորհիվ:

Նախագահ Պապուլիասը ներկայացրեց Հունաստանում ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները վերացնելու նպատակով իրականացվող քայլերը:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցությանը, Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններին, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացին, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ համաձայնագրի բանակցություններին:

Զրուցակիցներն անդրադարձան կրթական եւ մշակութային բնագավառներում համագործակցության խթանմանը: Այս առումով Հունաստանի նախագահը նշեց, որ կնախաձեռնի հայ երիտասարդներին Հունաստանի ԲՈւՀ-երում ուսանելու նպատակով հատկացվող կրթաթոշակների քանակի ավելացում։

Հանդիպման օրակարգում էին կիպրական հարցի լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Այդ ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց Կիպրոսին սատարելու Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը:

Էդվարդ Նալբանդյանը Հունաստանի նախագահին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Հունաստանի նախագահը խնդրեց իր հարգանքն ու ողջույնները փոխանցել եղբայրական Հայաստանի ղեկավարին եւ տեղեկացնել, որ ընդունելով ՀՀ Նախագահի հրավերը՝ սիրով կայցելի Հայաստան։