ԱՄՆ-ի իշխանությունները 17 տարվա ազատազրկման եւ 400 մլն դոլարի տուգանքի են դատապարտել Քեյսի Ջեյմս Ֆյուրիին՝ Պորտսմուտի նավաշինարանի աշխատակցին, որն ատոմային սուզանավակն այրելու փորձ էր ձեռնարկել։
Նախորդ տարվա մայիսին 25-ամյա դոկերը Մեն նահանգի ռազմածովային նավաշինարանում հրդեհել էր ատոմային սուզանավը։
Ֆյուրին զբաղվում էր նավակի մաքրության եւ ներկման աշխատանքով։ Արտակարգ դեպքից յոթ մարդ տուժել էին, իսկ հրշեջները տասը ժամ պայքարել էին հրդեհի դեմ։ Բարեբախտաբար ատոմային ռեակտորը չէր տուժել եւ բռնկման պահին չէր աշխատում։
Ձերբակալությունից հետո երիտասարդը խոստովանել էր, որ ընկճախտով է տառապում եւ այրել է՝ աշխատանքից շուտ գնալու համար։ Նրան երկու մեղադրանք է ներկայացվել «կանխամտածված եւ հանցավոր մտայնությամբ այրելու»։
Russia Today-ը հայտնում է, որ դատական մեկ տարվա քաշքշուկից հետո Ֆյուրին հասցրել է եւս մեկ հրդեհ նախաձեռնել նավաշինարանում, ինչից հետո որոշ ժամանակով հոգեբուժարան էր տեղափոխվել։




























