Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հունաստանի խորհրդարանի խոսնակ Էվանգելոս Մեյմարակիսի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե զրուցակիցները նշեցին, որ երկու երկրների խորհրդարանների միջեւ հաստատված ինտենսիվ համագործակցությունը, միջխորհրդարանական բարեկամության խմբերի ակտիվ գործունեությունը մեծապես նպաստում են միջպետական հարաբերությունների զարգացմանը եւ ժողովուրդների միջեւ բարեկամության խորացմանը:

Էվանգելոս Մեյմարակիսը եւ Էդվարդ Նալբանդյանը կարեւորեցին հունահայ համայնքի ակտիվ դերակատարությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում:

Հայաստանի արտգործնախարարը Հունաստանի խորհրդարանի ղեկավարին ներկայացրեց Հայաստան – Եվրոպական Միություն փոխգործակցությունը, Արեւելյան գործընկերության ձեւաչափում տեղի ունեցող գործընթացներին Հայաստանի մասնակցությունը:  

 Հանդիպմանն անդրադարձ եղավ կիպրական հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերին:

Նախարար Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց Հունաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար։

Հունաստանի խորհրդարանում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց նաեւ Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, խորհրդարանի նախկին ղեկավար Ապոստոլոս Կակլամանիսի եւ խմբի անդամների հետ։

Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ հայ-հունական հարաբերությունները հազարամյակների ընթացքում միայն ամրապնդվել եւ զարգացել են եւ այսօր երկու երկներին միավորում է սերտ փոխգործակցությունը ամենատարբեր բնագավառներում: Զրուցակիցները բարձր գնահատեցին հունահայ համայնքի դերակատարությունը երկկողմ համագործակցության ընդլայնման գործում։