ՄԱԿ-ի զարգացման գործակալությունը հրապարակել է «Մարդկային զարգացման ինդեքս 2013» ամենամյազեկույցը:
Զեկույցի համաձայն, Նորվեգիան, Ավստրալիան, ԱՄՆ-ը, Նիդերլանդներն ու Գերմանիան աշխարհի այն հինգ երկրներն են, որտեղ մարդկային զարգացումը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա:
Հայաստանը, ըստ «Մարդկային զարգացման ինդեքս-2013»-ի, զբաղեցրել է 87-րդ տեղը, Վրաստանը՝ 72-րդ տեղը, Ադրբեջանը՝ 82-րդ տեղը, իսկ Թուրքիան՝ 90-րդ տեղը:
«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, նախորդ տարվա համեմատությամբ Հայաստանի դիրքը զեկույցում նվազել է մեկ միավորով:
«Մարդկային զարգացման ինդեքս» զեկույցը, որը հրապարակվում է՝ սկսած 1990 թվականից, չափում է երկրի մարդկային ներուժի զարգացման միջին առաջընթացը եւ միավորում է երեք ցուցանիշներ` բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀԱԵ-ն, մարդու առողջությունն ու կյանքի սպասվող միջին տեւողությունը, ինչպես նաեւ բնակչության կրթական մակարդակը:
«Մարդկային զարգացման ինդեքս»-ը ներկայացնում է մարդկային զարգացման հետեւյալ երեք հարթությունների բաղադրյալ գնահատականը՝ ապրել երկար եւ առողջ կյանքով, ինչը չափվում է կյանքի տեւողությամբ, լինել կրթված, ինչը չափվում է գրագիտությամբ, եւ ունենալ արժանավայել կենսամակարդակ, ինչը չափվում է գնողունակության համարժեքությամբ եւ երկրում եկամտի մակարդակով:
«Մարդկային զարգացման ինդեքս-2013» զեկույցում վերջին տեղերն են գրավում Նիգերը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Մոզամբիկը, Չադը եւ Բուրկինա Ֆասոն:


























