Վանկուվերում զոհված վրացի սահնակորդ Նոդար Կումարիտաշվիլիի հուղարկավորությունը կկայանա շաբաթ օրը, Վրաստանում:
Ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչության մամուլի քարտուղար Գեորգի Չանիշվիլին, ինքնաթիռը մարզիկի մարմինը Թբիլիսիի օդանավակայան է հասցնելու չորեքշաբթի երեկոյան, որից հետո նրան հնարավորինս արագ կտեղափոխեն Բակուրիանի:
Այդ օրը Վրաստան կվերադառնա նաեւ Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գիա Նացվիլիշվիլին, մարզիչ Ֆելիքս Կումարիտաշվիլին եւ սահնակորդ Լեւան Գուրեշիձեն:
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին մարզման ժամանակ 21-ամյա վրացի մարզիկը կորցրել է սահնակի կառավարումը, 145 կմ/ժամ արագությամբ դուրս թռել մայրուղուց եւ դիպել սյանը: Հետաքննության տվյալներով, վրացի մարզիկը զոհվել է իր սխալի հետեւանքով առաջացած դժբախտի դեպքի արդյունքում:



























