Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակել է 2012 թվականի իր զեկույցի Կրթության եւ գիտության նախարարության ոլորտին վերաբերող հատվածը:

Կրթության եւ գիտության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետեւյալ  թերացումները.

•         Բազմաթիվ են եղել հանրակրթական, միջին մասնագիտական եւ հատկապես բարձրագույն ուսումնական համակարգում առկա կոռուպցիոն դրսեւորումները:

•         Արդյունավետ եւ բավարար քայլեր չեն ձեռնարկվել հանրակրթական ուսումնական հաստատությունների հիմնանորոգման եւ ջեռուցման բարելավման համար:

•         Առանձին դեպքերում նախարարության կողմից ըստ էության քննության չեն առնվել նախարարության աշխատանքներում թերացումների վերաբերյալ քաղաքացիների դժգոհությունները, դիմում-բողոքները, մամուլում հրապարակված տեղեկությունները:

•         Լուրջ մտահոգության տեղիք է տալիս, որ որոշ ԲՈՒՀ-երում գործող ուսանողական խորհուրդները քաղաքականացված են, ինչը ծայրահեղ բացասական ազդեցություն է ունենում ուսանողների շահերի վրա:

•         Առկա են բազում չլուծված խնդիրներ` հանրակրթական բոլոր դպրոցներում համընդհանուր  ներառական կրթական համակարգի ներդրման առնչությամբ:

•         Շարունակում է չլուծված մնալ ուսումնական տարվա սկզբին հանրակրթական դպրոցների դասագրքերի մրցույթների կազմակերպման ու անցկացման պատշաճ ապահովման խնդիրը:

•         Խիստ մտահոգիչ է, որ ՀՀ կառավարության թիվ 554-Ն որոշմամբ 2012/2013 ուսումնական տարվա համար չեն նախատեսվել պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ուսումնառության տեղեր մի շարք կրթական հաստատություններում, այդ թվում նաեւ` Երեւանի պետական համալսարանի «իրավագիտություն» եւ «միջազգային հարաբերություններ» մասնագիտությունների գծով:

•         Առկա է անհամապատասխանություն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի թիվ 597 որոշման եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների միջեւ:

•         Դեռեւս իր լուծումը չի ստացել գիտական աստիճան ունեցող անձանց աշխատավարձի հավելավճարի տրամադրման հարցը:

 Արձանագրված դրական զարգացումները

•         ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի նիստի N 52  արձանագրային որոշմամբ հաստատվել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հայեցակարգը, ինչի արդյունքում հանրապետության տարածքում գործող շուրջ 700 դպրոցի տարրական դասարանների աշակերտներ ապահովվել են սննդով:

•         ՀՀ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է Նախարարության նախաձեռնությամբ մշակված «Հանրակրթության մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

•         Այսօր  Հայաստանի Հանրապետությունում գործում է 98 հանրակրթական դպրոց, որոնք իրականացնում են ներառական կրթություն:

•         ՀՀ կրթության եւ գիտության նախարարի` 21.11.2012թ N 1061-Ա/Ք հրամանով հաստատվել է «Հանրակրթական, այդ թվում` նախադպրոցական, ուսումնական  հաստատություններում օգտագործվող ձեռնարկների փորձաքննության եւ գործածության երաշխավորման  կարգը», որն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն` գրանցման: