Հովիկ Աբրահամյանն ինձ ոչ մի բան չի առաջարկել, իմ զրուցակիցը Սերժ Սարգսյանն է, իսկ ինքը ինձ ոչ մի առաջարկ չի ուղարկել: Այս մասին այսօր` մարտի 18-ին,  Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ սա քաղաքավարական այց էր, ինքը ցանկանում էր լուծում գտնել այս իրավիճակից,  սակայն որեւէ բովանդակության մասին չեն խոսել: «Ես կարող եմ ասել պարոն Աբրահամյանի հետ որեւէ քննարկում չկա, շատ հստակ ասել եմ, որ իրեն չեմ դիտում որպես միջնորդ կամ սուրհանդակ: Պարոն Սարգսյանը կարող է ինձ գրավոր կամ բանավոր առաջարկներ ներկայացնել: Պարոն Աբրահամյանն ինձ առաջարկներ բերող չէ, նա չի կարող Սերժ Սարգսյանի անունից ինձ առաջարկ բերել»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա իր անհամաձայնությունը հայտնեց Հովիկ Աբրահամյանի հետ, մասնավորապես այն առումով, որ վերջինս գնահատական տվեց իրավիճակից լուծումների մասին, որոնք արդեն մերժվել են Պարոն Սարգսյանի կողմից, ինչպես նաեւ  գնահատական տվեց իր հաց չուտելուն:

«Պարոն Աբրահամյանը կարգավիճակ չունի ինձ որեւէ առաջարկ անելու, եւ թող չասի, թե իմ հաց չուտելը ինչ-որ անընդունելի վերջնագիր է, դա վերջնագիր է ուղղված ինձ: Ուստի թող ոչ մեկ հռետորաբանություն չանի, այդ թվում` պարոն Աբրահամյանը»,- նշեց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ Ազատության հրապարակում չի սպասում թե Սերժ Սարգսյանին, թե նրա առաջարկներին, բայց եթե գա, սիրով կընդունի եւ կլսի նրա առաջարկները, որոնց մեջ պետք է արտացոլվեն ժողովրդի պահանջները:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am