Հայաստանի զարգացման միակ ճիշտ ուղին Եվրասիական միությունում ընդգրկվելն է. հակառակ դեպքում Հայաստանը կգործի պատմական, ճակատագրական սխալ եւ կկորցնի ամեն ինչ: Այդ մասին այսօր` մարտի 18-ին, մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

«Պատմությունը ցույց է տալիս, որ եվրոպական արժեքները եւ սկզբունքները մտացածին կատեգորիաներ են: Գաղտնիք չէ, թե ինչպիսի ծանր իրավիճակ է ստեղծվել այժմ ԵՄ-ի ներսում, ավերվում է եվրոպական ֆինանսական ամբողջ համակարգը», - նշել է Հայաստանի գլխավոր կոմունիստը:

Ըստ նրա` Կոմկուսը հետեւողականորեն կպաշտպանի Եվրասիական միությունում Հայաստանի անդամակցության գաղափարը, իսկ քանի դեռ այն չի ստեղծվել՝ Եվրասիական տնտեսական միությունում: «Առաջին հերթին դա պայմանավորված է նրանով, որ այդ կազմակերպության  բոլոր անդամ երկրները ԱՊՀ պետություններ են, մեր երկրի տնտեսական զարգացման համար կան բարենպաստ պայմաններ, շուկան բավականին ընդարձակ է: Եւ վերջապես, դա փրկություն կլինի մեր պետության համար», - ընդգծել է Ռուբեն Թովմասյանը: