Հերթական դեպքն է տեղի ունեցել ուզբեկ-աֆղանական սահմանին՝  Աֆղանստանի հյուսիսում գտնվող Բահլ նահանգում։ Աֆղանական կողմի հաղորդմամբ՝ ուզբեկ սահմանապահները կրակել են աֆղանցի երեք ոստիկանի ուղղությամբ՝ միաժամանակ խախտելով  սահմանը։

Դեպքը տեղի է ունեցել մարտի 17-ի երեկոյան։ Աֆղանստանի սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ Մոհամադ Ջան Մամոզայի տեղեկացմամբ՝  յոթ ոստիկաններ մտել են Աֆղանստանի տարածքում Ամուդարյա գետի մոտ գտնվող անտառը։ Ուզբեկ սահմանապահներն անհայտ պատճառներով կրակ են բացել նրանց ուղղությամբ։

Ուզբեկ-աֆղանական սահմանի երկարությունը, որն անցնում է Ամուդարյա գետի երկայնքով, 137 կիլոմետր է։ Ուզբեկական կողմի տվյալով՝ այս տարվա սկզբից աֆղանցիներն այն խախտել են 22 անգամ, նման խախտումների համար ձերբակալվել  է 106 մարդ, գրում է  «Լենտա.ռու»-ն։

Սահմանի վրա վերջին դեպքերից մեկը տեղի է ունեցել մարտի 14-ին։  Հրաձգության ժամանակ  խախտողներից 4-ը վիրավորվել են, եւս երեքը՝ սպանվել։ Ինչպես ասված է Ուզբեկստանի իշխանությունների հայտարարության մեջ, զոհվածների մարմինները փորձել են փոխանցել աֆղանցի սահմանապահներին, սակայն նրանք հրաժարվել են ընդունել դրանք։