Անհրաժեշտ է նոտա հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` ադրբեջանցիների կողմից «Կոլցո» օպերացիան եւ Խոջալուի դեպքերը կատարելու խոստովանության կապակցությամբ: Դա հրաշալի հնարավորություն է միջազգային հանրությանն Ադրբեջանի իրական դեմքը ցույց տալու: Այդ մասին մարտի 18-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԿԿ նախկին առաջին քարտուղար, ներկայումս Դեմկուսի առաջնորդ Արամ Սարգսյանը` մեկնաբանելով Այազ Մութալիբովի վերջին հարցազրույցը:
Նրա խոսքով, 1995թ. ադրբեջանցիները խոստովանում էին, որ պարտվել են պատերազմում, բայց նրանց նախագահը խնդրում էր երբեք չպահանջել Ղարաբաղի անկախության ճանաչումը: «Այն ժամանակ նրանք հասկանում էին, որ կորցրել են ԼՂՀ-ն եւ ազատազգրված տարածքները: Այժմ նրանք համոզված են, որ ամեն ինչ կվերադարձնեն»,- նշել է Արամ Սարգսյանը` ընդգծելով, թե մենք իրավունք ունենք չհավատալու որեւէ ադրբեջանական բառի, քանի որ քաղաքականության մեջ, բացի շահերից ոչինչ չի գործում:
«Մենք պետք է նախաձեռնողական քաղաքականություն վարենք, մարդը մեզ ինքն է փաստեր ներկայացրել, չի կարելի չօգտագործել դրանք: Իհարկե, Հայաստանի իշխանությունները պետք է նաեւ վստահ լինեն երկրում ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ, ներքին խնդիրները պետք է կարգավորվեն»,- ընդգծել է Արամ Սարգսյանը: Նրա համոզմամբ, անհրաժեշտ է փոխել ողջ քաղաքական գիծը ղաաբաղյան կարգավորման ուղղությամբ: «Մենք պետք է ցույց տանք, թե ինչ է Ադրբեջանը, իհարկե ոչ բոլորն են այդպիսին, սակայն չի նշանակում, որ գալով իշխանության` չեն փոխի դիրքորոշումը: Մենք պետք է մտածենք մեր երկրի ազգային շահերի մասին»,- ամփոփել է Արամ Սարգսյանը:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am




























