Բաքվում ընթանում է միջազգային համաժողով «Համագործակցության ամրապնդումը ահաբեկչության նախազգուշացման ոլորտում» թեմայով: Օգտվելով առիթից` Ադրբեջանի նախագահ Իլհամ ԱԼիեւը հակահայկական ելույթների հերթական չափաբաժինն է արտաժայթքել:

Գովելով ինքն իրեն ահաբեկչության դեմ պայքարում ունեցած ավանդի համար` Ալիեւ-կրտսերն անցել է մեղադրանքներին` հայտարարելով, թե Ադրբեջանը «բազմիցս ենթարկվել է ահաբեկչությունների հայերի կողմից, որի արդյունքում սպանվել են իր շուրջ երկու հազար հայրենակիցներ, տուժել հազարավորները»: Բնականաբար, նա հայտարարել է «անջատողականության» եւ «օկուպացված տարածքների» մասին: Ավանդույթի համաձայն, Իլհամ Ալիեւը որեւէ բառ չի ասել հայկական ջարդերի, փախստական հայերի եւ Ադրբեջանի զավթած տարածքների մասին:

Սեփական խնդիրների եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության դժգոհության մասին այդ երկրի նախագահը եւս նախընտրել է չխոսել: Մինչդեռ բառացիորեն մեկ շաբաթ առաջ Բաքվի կենտրոնում դաժանաբար ցրվել էր քաղաքացիական ակտիվիստների բողոքի ակցիան, որոնք պահանջում էին վերջ դնել ազգային բանակում ոչ կանոնադրական փոխհարաբերությունների պատճառով մահվան դեպքերին: Ոստիկանությունը արցունքաբեր գազ, ռետինե գնդակներ եւ ջրցան մեքենաներ էր կիրառել: Ձերբակալվել էին ակցիայի տասնյակ մասնակիցներ: Եւ սա բոլորովին էլ առաջին ակցիան չէր:

Հունվարին Իսմայիլի քաղաքի բնակիչները բողոքի ակցիա էին արել ավտորիտար ռեժիմի դեմ, ակցիան վերաճել էր անկարգֆությունների: Հունվարի կեսերին ոստիկանությունը ցրել էր Յասամալի շրջանում փախստականների ակցիան: Նմանատիպ բողոքներն Ադրբեջանում բազմաթիվ են, բայց իշխանությունները խնդիրները լուծելու փոխարեն նախընտրում են ուժի կիրառումը: