Գլխուղեղի հիվանդություն ունեցող 1.5-ամյա Եղիա Սարգիսի Չինանյանի առողջական վիճակը այս պահին նորմալ է, սակայն ամեն րոպե կարող է ցնցում տանել եւ վատանալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա մայրը` Քրիստինե Արսենյանը: Նա նշեց, որ երեխան այս պահին գտնվում է տանը, սակայն բժիշկների անմիջական հսկողությամբ է, դեղերի ազդեցության ներքո նա փոքր-ինչ թույլ է զգում իրեն:
Ծնողները որոշել են երեխային տեղափոխել Գերմանիա եւ այնտեղ վիրահատել: «Այստեղ չենք վիրահատելու, որովհետեւ խորհուրդ են տվել տանել: Այստեղ պետք է փուլերով վիրահատեին, եւ հետո մեծ հույսեր չէին տալիս, թե կարող է նորմալ տանել վիրահատությունը, դրա համար խորհուրդ են տվել տանել Գերմանիա»,- նշեց մայրը: Այժմ երեխայի անձնագիրը եւ այլ փաստաթղթերն են պատրաստում, հիվանդանոցի հետ պայմանավորվածություններ ձեռք բերում, նախատեսում են Գերմանիա մեկնել մինչեւ ապրիլկի 4-ը:
NEWS.am-ի հրապարակումից հետո երեխայի կյանքը փրկելու կոչին շատերն էին արձագանքել եւ գումար փոխանցել: Արդյունքում, Եղիայի առոզջական խնդիրները լուծելու համար հավաքվել է 3 միլիոն դրամ, սակայն Գերմանիայում վիրահատության համար անհրաժեշտ կլինի ավելի շատ` մոտ 7 մլն դրամ: Ծնողները շնորհակալություն են հայտնում նրանց, ովքեր անտարբեր չեն եղել, օգնել են իրենց` այդպես հույս ներշնչելով, որ դեռ ոչինչ կորած չէ եւ հնարավոր կլինի փրկել փոքրիկի կյանքը:
Հիշեցնենք, որ Եղիան գլխուղեղի հիվանդություն ունի`անոթները լայնացած, խճճված եւ խցանված են: Ցանկացած պահի փոքրիկը կարող է արյան զեղում ստանա եւ հնարավոր չլինի փրկել նրա կյանքը: Գլխուղեղում նաեւ կիստա կա: Եղիայի թե մայրը, թե հայրը գործազուրկ են, իսկ փոքրիկ քույրիկը 4 տարեկան է, ով արդեն գիտակցում է եղբոր հիվանդության մասին եւ իր աղոթքներով առողջություն խնդրում եղբոր համար: Փոքրիկի հիվանդությունը ի ծնե է: «Արդեն երկու անգամ է, ինչ շատ ուժեղ ցնցումների մեջ է ընկնում: Փոքրիկը կապտում է եւ մի կերպ հասցնում ենք հիվանդանոց: Սեպտեմբերի 30-ից հետո վերջին անգամ փետրվարի 13-ին կրկնվեցին ցնցումները: Կապտում է, աչքերը շեղվում են մի ուղղության ու սառում է: Հիվանդանոցում մի կերպ հնարավոր եղավ փրկել կյանքը»,- պատմել է մայրը:
1.5 -ամյա Եղիա Սարգիսի Չինանյանին փրկելու համար հնարավորության սահմաններում կարող եք գումար փոխանցել Քրիստինե Արսենյանին` «Հայէկոնոմբանկի» հետեւյալ հաշվեհամարներին`
AMD հաշվի համարը 163478004654
USD հաշվի համարը 163478004662
EUR հաշվի համարը 163478004670
RUR հաշվի համարը 163478004688
Հ.Գ.
Փոքրիկի հիվանդության եւ բուժման ծախսերի հետ կապված բոլոր փաստաթղթերը NEWS.am-ի խմբագրության տրամադրության տակ է: Անհրաժեշտության դեպքում կարող ենք տրամադրել:





























