Ճապոնական վթարային «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի մասնագետներին չի հաջողվում կարգավորել միջուկային վառելիքով աշխատող երեք ավազաններում ջրի ցիրկուլյացիոն համակարգերի էլեկտրամատակարարումը, որն անհասկանալի պատճառներով անջատվել էր մարտի 18-ին:

Պահուստարանները գտնվում են առաջին, երրորդ եւ չորրորդ էներգաբլոկների վերին հարկերում: Մարտի 18-ին անջատվել էր նաեւ ընդհանուր ավազանի ցիրկուլյացիոն համակարգերի էլեկտրամատակարարումը: Երեկ երեկոյան ժամերից դադարել է  աշխատել նաեւ տեխնիկական ջուրը ռադիոակտիվ տարրերից զտելու համակարգը: Մասնագետներին առայժմ չի հաջողվում պարզել էներգամատակարարման  խափանումը:

Կատարվածը չի ազդել վնասված ռեակտորներին սառեցված ջուր փոխանցելու վրա, քանի որ հաջողվել է այն միացնել էլեկտրասնուցման պահուստային համակարգին, գրում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Երեք ավազաններում ջրի ջերմաստիճանը մի փոքր բարձրացել է, բայց առայժմ 25 աստիճանի սահմաններում է: Թույլատրելին մինչեւ 65 աստիճանն է: