Հավայան կղզիներում ԱՄՆ պաշտպանության նախարարության կապալառու ընկերության աշխատակցին չինաստանցի իր սիրուհուն գաղտնի տվյալներ փոխանցելու մեղադրանք է ներկայացվել:

Դատական նյութերի համաձայն՝ 59-ամյա Բենջամին Պիրս Բիշոպը մեղադրվում է նախորդ տարվա դեկտեմբերին իր 27-ամյա ընկերուհուն պետական գաղտնիք պարունակող  էլեկտրոնային նամակ ուղարկելու մեջ: Գաղտնի տեղեկատվությունը վերաբերում էր Միացյալ Նահանգների ռազմավարական ծրագրերին եւ միջուկային զինանոցին, նաեւ մանրամասներ էին ներկայացված ԱՄՆ-ի եւ մյուս պետությունների փոխհարաբերությունից:

Բացի այդ, «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով AFP-ին, գրում է, որ Բիշոպը նույն կնոջ հետ հեռախոսազրույցում գաղտնի տեղեկատվություն է հաղորդել ԱՄՆ-ի ռազմավարական միջուկային սպառազինման եւ ամերիկյան ՀՀՊ համակարգի՝  միջին եւ փոքր հեռահարությամբ հրթիռները հայտնաբերելու հնարավորության մասին:

ՉԺՀ-ի բնակչուհու հետ Բիշոպը ծանոթացել էր 2011թ. հունիսին  Հավայան կղզիներում՝ պաշտպանության հարցերին նվիրված գիտաժողովում: Նրանք ինտիմ հարաբերություններ ունեին: Աղջիկն ԱՄՆ-ում էր գտնվում ուսանողական վիզայով: Նրա ուսանած կրթական հաստատությունը, ինչպես նաեւ  ներկայումս նրա գտնվելու վայրն անհայտ է: