Վատիկանում ավարտվել է Հռոմի նոր Պապ Ֆրանցիսկոսի գահակալման հանդիսավոր արարողությունը: Ֆրանցիսկոս Խորխե Մարիո Բերգոլիոն պաշտոնապես դարձել է Հռոմի Պապ:  Պապի աջ ձեռքին իշխանության խորհրդանիշն է՝ «ձկնորսի մատանին», ուսերին՝ Քրիստոսի արյունը խորհրդանշող կարմիր խաչերով թիկնոց: Վատիկանը բազմիցս խնդրել է այդ արարողությունը գահակալություն չանվանել, քանի որ Պապը գահին չի բազմում, նրան չեն թագադրում:  Սուրբ Պետրոսի տաճարում տեղի ունեցած տոնական ժամերգությունը նրանք համեստորեն անվանում են երդմնակալություն:

Ֆրանցիսկոսն արդեն կարդացել է քարոզը եւ աղոթք՝ հինգ լեզուներով: Հավատացյալներին ուղղված խոսքում նա կոչ է արել  պաշտպանել աղքատների եւ թույլերի շահերը: Պապն այդպիսով ամրապնդել է խստակյացի կերպարը: Այս անգամ արարողությունն էլ է ավելի համեստ եղել: 

Մեկ շաբաթվա ընթացքում Հռոմի Պապը հասցրել է համեստությունը դարձնել իրեն բնութագրող հատկանիշը: Նա կոչ է արել փող չծախսել եւ չգալ երդմնակալությանը, այլ այդ գումարը բաժանել աղքատներին: Հետո խնդրել է արարողությունը մեկ ժամով կրճատել: «Ձկնորսի մատանին» առաջին անգամ պատվիրված էր ոչ թե ոսկուց, այլ ոսկեզօծ արծաթից: Ֆրանցիսկոսը նաեւ հրաժարվել է աշխատավարձից, հայտնում է vesti.ru-ն:

Ամեն ինչ սկսվել է  նրանից, որ Ֆրանցիսկոսի «պապամոբիլը» տաճարի դիմացի  հրապարակում մեծ շրջան է  կատարել: Ֆրանցիսկոսը ողջունել է հավատացյալներին: Պատարագը մատուցվել է սուրբ Պետրոսի գերեզմանի մոտ. Պապը ծնկաչոք աղոթել է սրբին: Դրանից հետո կարդինալ Անջելո Սոդանոն պապին է հանձնել մատանին, որը կարդինալները հերթով համբուրել են՝ ընդունելով Սուրբ աթոռին բազմած ընտրյալ պապի իշխանությունը: Պատարագի ժամանակ Ավետարանը կարդացել են ոչ թե լատիներեն, այլ հունարեն՝ հասկանալի նաեւ ուղղափառներին: Եւ դա իհարկե մտածված  քայլ էր: Այդպես Վատիկանը ողջունում էր Կոստանդնուպոլսի արքեպիսկոսպոս, տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսին: Գահակալությանը նրա ներկայությունը երկու եկեղեցիների հարաբերությունների ջերմացման խորհրդանիշն է: