Այսօր՝ մարտի 19-ին, Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ նա հաջողությամբ կշարունակի Երեւանում ԵԽ գրասենյակի հետեւողական աշխատանքը` ուղղված ԵԽ -ՀՀ գործընկերային կապերի հետագա ամրապնդմանը: Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ Հայաստանը բարձր է գնահատում համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ, ինչպես նաեւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Այս առումով ԱԺ նախագահը կարեւոր է համարել Հայաստան -Եվրոպայի խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագիրը, որը կոչված է աջակցել Հայաստանին իրականացնելու ստանձնած պարտավորությունները: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը կարեւորում է Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ արդյունավետ համագործակցության խորացումը, ինչին աջակցելու պատրաստակամություն հայտնեց:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` պարոն Պավլյուկը կարեւորել է ԵԽ-Հայաստան համագործակցության հետագա զարգացումը տարբեր ուղղություններով: Նա նշել է, որ Եվրոպայի խորհրդին անդամակցելուց ի վեր, Հայաստանի Հանրապետությունը առաջին անգամ 2013 թվականի մայիսի 16-ից ստանձնելու է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը, ինչը նոր որակ կհաղորդի ԵԽ-ՀՀ փոխգործակցությանը: Նրա խոսքով` Հայաստանը ստացել է եզակի հնարավորություն դրսեւորելու իր առաջնորդելու կարողությունները եւ հավատարմությունը եվրոպական արժեքներին: ԵԽ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը բարձր է գնահատել ՀՀ Ազգային ժողովի հետ արդյունավետ փոխգործակցությունը եւ համոզմունք հայտնել, որ մայիսի 29-31-ին Երեւանում անցկացվելիք ԵԽԽՎ Նախագահական կոմիտեի, Բյուրոյի եւ Մշտական հանձնաժողովի նիստերը մեծապես կնպաստեն ՀՀ Ազգային ժողովի եւ ԵԽԽՎ միջեւ համագործակցության խորացմանը:




























