«Առավոտի» տեղեկություններով` «ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ընկերության գլխին, որը հանրությանն առավել հայտնի է «Գետամեջ» անունով, «սև ամպեր» են կուտակվում: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։

«Ըստ որոշ լուրերի` թռչնաբուծարանի բիզնեսը ցանկանում է ձեռք բերել ՀՀ մի բարձրաստիճան պաշտոնյայի բարեկամը, որն արդեն իր «մարդկանց» ուղարկել է Ֆաբրիկան տնտղելու: Թռչնաբուծական ֆերմայի աշխատակիցները` լսելով, որ սեփականատիրոջ փոփոխություն է սպասվում, նույնպես խուճապի մեջ են:

«Նշենք, որ այս պահին  «Գետամեջ»-ի գործունեությունը դադարեցված է արտադրական գործընթացում հայտնաբեևրված մի շարք խախտումների պատճառով։

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մարտի 5-ին հրապարակել էր «Գետամեջ» ընկերությունում հայտնաբերած խախտումները, որոնց համաձայն, ի թիվս տեխնիկական բնույթի խախտումների, ընկերությանը պատկանող սառեցված հավերի մեջ լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերվել էր սալմոնելա տեսակի մանրէ, ինչը մասնագետների խոսքերով, մարդու համար հադիսանում է աղիքային ինֆեկցիայի հարուցիչ:

«Առավոտի» հարցին, թե ճիշտ է արդյոք, որ այս պահին թռչնաբուծական ֆաբրիկան վաճառելու բանակցություններ են ընթանում, «ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ընկերության համասեփականատեր Գայանե Սարգսյանի հայրը` Ռաֆիկ Սարգսյանը, որը «Դվին» կոնցեռնի սեփականատերն է, ասաց. «Նման խոսակցություն չկա»:

 Ինչ վերաբերում է «Գետամեջի» վարկանիշը փրկելուն, ապա պարոն Սարգսյանը հայտնեց, որ այս օրերին իրենք արտադրության 25 նմուշ են հանձնել լաբորատորիա` փորձաքննության համար, եւ վաղը երեկոյան արդեն արդյունքները հայտնի կլինեն, որոնց մասին կտեղեկացնեն հանրությանը»,- գրում է «Առավոտը»